Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լիովին կիրառելի է անձեռնմխելիության ինստիտուտը։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
Պատասխանելով նախկին նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ հարցին՝ փաստաբանը նշել է, որ գործող նախագահն ունի իմունիտետ, իսկ պաշտոնաթող նախագահն իր կարգավիճակից բխող գործողությունների համար օժտված է անձեռնմխելիությամբ։
«Պնդում եմ, որ այս գործով նախագահի անձեռնմխելիությունը լիովին կիրառելի է, քանի որ խոսքը վերաբերում է բացառապես կառավարության որոշումների վավերացմանը»,— ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ մեղադրանք է առաջադրվել նաև հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, մինչդեռ քվեարկած կառավարության անդամներին մեղադրանքներ չեն ներկայացվել։
Ըստ փաստաբանի՝ Քոչարյանի առնչությունն այս գործին լոկ կառավարության որոշումների վավերացումն է եղել, ինչը Սահմանադրությամբ նրան վերապահված պարտականությունն է եղել, հավելելով, որ վերջինս այլընտրանք չի ունեցել։ Օրբելյանը մեղադրանքն անվանել է մշուշոտ ու հայտնել, որ մտադիր է պատգամավորների հետ քննարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունները՝ ենթադրական ձևակերպումներից խուսափելու համար։ «Ենթադրական ձևակերպումների առկայության դեպքում գործը ենթակա է կարճման։ Պետք է հստակ նշվի, թե ով ինչ է արել․ եթե հայտնի չէ՝ գրվում է «անհայտ անձ», այլ ոչ թե անորոշ ու ենթադրական խոսքեր»,— ընդգծել է նա։
Փաստաբանը նաև հիշեցրել է, որ բոլոր այն դատախազներն ու քննիչները, որոնք տարբեր պատճառներով հասկանում են, որ ապօրինի գործողություններ են կատարում, պետք է գիտակցեն, որ գիտակցաբար գնում են հանցագործության։




























