Ամիսներ առաջ մեծ աղմուկ հանած Վայքի ծննդաբերական բաժանմունքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի, երբ բժշկուհու անփույթ վարքի պատճառով նորածինը մահացել էր, դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են:

Փորձաքննության եզրակացության մեջ ասվում է.

«Գանգուղեղային փակ, բութ վնասվածք: Գլխի  մաշկածածկույթների, գանգաթաղի  ոսկրերի ոսկրային շերտիվերնեսկրի եւ ոսկրերի միջեւ, գլխուղեղի կարծր թաղանթի, փափուկ թաղանթներիեւ ենթաոստայնային տարածության  արյունազեղումներ եւ արյունահավաքներ: Կանգային ինտերստիցիալ թոքաբորբ:

Գ. Գրիգորյանի մահը պայմանավորված է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայով /ինքնաթունավորում/, որն էլ հետեւանք է եղել գանգուղեղային փակ, բութ, վնասվածքից հետո արգացած  կանգային ինտերստիցիալ թոքաբորբի: Համաձայն հիվանդության պատմագրի տվյալների, Գ. Գրիգորյանի մահը վրա է հասել 2011-ի սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դիմեդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ:Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Այս դեպքի հետ կապված, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի կեսերին նամակ էր ուղարկել մարզպետին եւ առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը: