Ադրբեջանցի քաղբանտարկյալ Թուրալ Աբասլիի ընտանիքի անդամների դեմ բռնություններ են կիրառվել, իսկ նրա բնակարանի քանդման աշխատանքները վերսկսվել են: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական Bia.az կայքը: Բնակիչների դեմ ոստիկանները բռնություններ է կիրառել, նույնիսկ կանանց են հարվածել: Ոստիկանական կոպիտ վերաբերմունքի հետեւանքով տուժել են նաեւ լրագրողները: Ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների արդյունքում ձերբակալվել են Թուրալ Աբասլիի մայրը` Բաշխանըմ Աբասլին, եղբայրը` Թեյմուր Աբասլին, ինչպես նաեւ ընդդիմադիր «Մուսավաթ» եւ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության» երիտասարդ անդամները: Նրանց ձերբակալությունից հետո շարունակվելու են քաղբանտարկյալի բնակարանի քանդման աշխատանքները:

Bia.az-ը հաղորդում է նաեւ, որ բախումների ժամանակ ձերբակալվել են դեպքերին ականատես Ռուսաստանի երկու քաղաքացի:

Հիշեցնենք, որ Թուրալ Աբբասլին «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թեւի նախագահն է, ով ձերբակալվել է ապրիլի 2-ին հակակառավարական ցույցերին մասնակցելու համար: Նա դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման: