Հայ էնժեներները շարունակում են կատերալագործել և նորարարական լուծումներ առաջարկել հայկական արտադրության ռազմական ցամաքային Scorpion IS15 մարտական դրոնի համար՝ բերելով այն անխափան մարտական վիճակի: Այս մասին  NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակներում հայտնեց ցամաքային մարտական դրոնների  նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող Isatech Robotics ընկերության մարտական շահագործման էնժեներ Էդուարդ Համբարձումյանը:

«Եթե օդային դրոնները լայնորեն կիրառվում են և կարող են մեծ կորուստներ պատճառել մարտական պայմաններում, ապա ցամաքային մարտական դրոնները դեռ, այսպես ասած, դեռևս սաղմնային փուլում են և շատ ժամանակ է պետք, որպեսզի դրանք հասնեն վերջնական նպատակին և արդյունավետորեն կիրառվեն մարտական գործողությունների ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը և հավալեց.

«Եթե առաջիկա տարիներին զարգացած պետությունները հասնեն նրան, որ օդային դրոնները դառնան ավտոնոմ, նրանց դեմ պայքարը կլինի շատ ավելի դժվար, նույնն էլ սպասվում է ցամաքային մարտական դրոններին»:

Խոսելով Scorpion IS15 մարտական դրոնի առավելություններից, ինժեները նշեց.

«Այս դրոնը նախատեսված է թե՛ քաղաքային և թե՛ դաշտային պայմաններում կիրառման համար, ինչպես նաև հարմարեցված է Հայաստանի լանդշաֆտին: Դրոնն ունի բազմաթիվ առավելություններ՝ բավականին արագ է, սրնթաց, ունի բոլոր հնարավորությունները հակառակորդի թեթև զրահատեխնիկան խոցելու համար, կարող է փոխարինել զինվորին փափուշտ, ջուր, դեղամիջոց կամ այլ պարագաներ տեղափոխելու հարցում»,-ասաց նա՝ հավելելով, որ դրոնն անընդհատ կատարելագործվում է և համապատասխանեցվում է ժամանակի պահանջներին:

Պարզվում է, սակայն հայկական ցամաքային դրոնը արտադրողներին մինչ օրս չի հաջողվում մարտական դրոնի պետական փորձարկում անցկացնելու համար ֆինանսավորում ստանալ: Դրոնի նախագծումը, ստեղծումն  ու կատարելագործումն իրականացվել է բացառապես ընկերության միջոցներով:

«Ցավոք, Հայաստանում շատերը կարծում են, որ եթե տվյալ արտադրանքը ստեղծվել է Հայստանում, ապա հնարավոր չէ, որ այն լինի աշխարհում առաջատար, կամ առաջինը հայերը նման մտահաղացում առաջարկեին, հետևաբար նրանց մոտ կասկած է առաջանում, որ դժվար թե տվյալ համակարգը լավը լինի և ծառայի իր նպատակին: Դա է պատճառը, որ 8 տարուց ավելի է այս թեման մնում է օդում կախված: Մինչդեռ այս դրոնը շատ մեծ պոտենցիալ ունի և մեկ օր շուտ այն պետք է ներմուծվի բանակ»,-ասաց նա:

Էդուարդ Համբարձումյանը տեղեկացրեց, որ հայկական դրոնով հետաքրքրված են իրանական, հնդկական, անգամ ռուսական ռազմարդյունաբերական  ընկերություններ, սակայն, հաշվի առնելով նախագծի և արտադրանքի՝ երրորդ երկրի ձեռքում հայտնվելու և հետագայում Հայաստանի դեմ կիրառվելու հավանականությունը, հայ ինժեներներն առայժմ զերծ են մնում արտադրանքն օտարերկրյա ընկերություններին իրացնելուց:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: