«Հերթական նախագիծն է, որը վատ ազդեցություն է ունենալու փոքր բիզնեսի վրա, որովհետև ամենաքիչ վճարունակ և ամենաքիչ պաշտպանված բիզնես սեգմենտ է սա։ Նորմալ երկրում քննարկումը կկազմակերպվեր մինչև նախագծի մշակումը։ Ենթադրում եմ, որ քննարկում է եղել կաբինետներում, և հաշվի առնելով, որ հարկահավաքման խնդիր կա, վարչական մարմիններին ուժեղացնելու և հարկահավաքման որոշակի խնդիրներ լուծելու փորձ է արվում։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկությունների) համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ խոսելով հայցի ապահովման միջոց կիրառելու նախագծի մասին։
Նշենք, որ 2025 թվականի փետրվարին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:
«Այստեղ շատ կարևոր սկզբուքներ են խաթարվում՝ պետություն–մասնավոր հատված երկխոսությունը, ստացվում է՝ ապացուցման ամբողջ բեռը դրվում է մասնավորի վրա, այսինքն՝ մասնավորն է պահում պետական ապարատը»,–նշեց Ավագյանը։
Նրա խոսքով, պետությունը պետք է ռեսուրս հատկացնի վարչական գործառույթների որակի բարձրացման համար։
«Ցավում եմ, որ նախագծի հեղինակներն այստեղ չեն և պատրաստ չեն առողջ քննարկման։ Եթե նրանց նպատակերն արդար են, պիտի գային ու քննարկեին, իրավաբանական համայնքն էլ նրանց կօգներ հասնել նպատակին»,–նշեց Ավագյանը։











