Կառավարության շենքի առջեւ, այսօր` հունվարի 19-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին «բոմժ» է անվանել:
Ըստ Aravot.am-ի, ծերանոցում տեղ ունենալու համար բողոքի ելած ցուցարարին նախարար Գրիգորյանն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց»:
Արմեն Խալոյանն էլ հակադարձել է. «Քո նման թալանչիները, որ թալանում են՝ էթում են բոմժանոց են ընկնում, եղա՞վ: Հավայի խոսում ես»:
Ա. Խալոյանը թղթակցին պատմել է, որ արդեն 8 տարի է՝ տուն չունի ու դիմում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ծերանոցում տեղավորվելու պահանջով. «Նախարարությունից ասում են՝ ցույց տուր, որտե՞ղ ես ապրում, որ տեսնենք սոցիալական ինչ վիճակում ես, քեզ օգնություն տրամադրենք: Ասում եմ՝ փողոցում եմ ապրում: Ասում են՝ տուն ճարի քո համար: Է, տուն ճարեմ, էլ դու ինչի՞ս ես պետք»:
Նրա խոսքով, «ծերանոցները սարքել են իրենց սեփականությունը ու մենակ ծանոթներին են այնտեղ տեղավորում»:
Արմեն Խալոյանի փոխանցմամբ, ծերանոցում թոշակառուներից 5000 դրամ են հավաքում, որ լավ սենյակ տան. «Հորս տարել էի ծերանոց, ոջլանոց էին գցել»:











