Լոռիի մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում իրականացվող լայնամասշտաբ անտառահատումների առնչությամբ, NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի  Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի հետ:

Հիշեցնենք, որ օրերս բնապահպաններն ահազանգել էին, որ Մեծավան գյուղում իրականացվող լայնամասշտաբ անտառահատումների արդյունքում շուրջ 200 սոճենի է հատվել: Ավելի ուշ Լոռիի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը նշել էր, որ այդ հատումներն օրինական են: Նրա խոսքով, 2011թ-ի մայիսի 5-ին կայացված որոշմամբ, նախատեսվում է խնամքի եւ սանիտարական հատումների նպատակով հատել 260 սոճենի տեսակի ծառ:

Ստորեւ ներկայացնում են հարցազրույցը Արմենակ Դովլաթյանի հետ:

Պարոն Դովլաթյան, վերջերս կարծես թե թույլտվությամբ կատարվող ծառահատումները հիմնականում նոսրացման անվան տակ են արվում. կասե՞ք ինչպես պետք է տրվի նոսրացման թույլտվությունը.

Հայաստանում այսօր նոսրացման խնդիր չկա,  իրականում միայն նոսրացած անտառներում վերականգնողական աշխատանքներ պիտի կատարել, դրա մեջ մտնում է հատված ծառերի տեղում աճող թփային համակարգի վերացումը, մաքրումը, որպեսզի այն ծառերը, որոնց արմատները աշխատում են, կարողանան մեկ կամ երկու ճյուղերով աճել, ապագայում ծառ դառնալու հնարավորությամբ, իսկ հիմա ասել նոսրացնել, դա նոնսենս է:

Կա՞ կոնկրետ ժամանակացույց, որի ժամանակ միայն կարելի է նոսրացում անել:

Հիմա անտառների վիճակը այնպիսին է, որ նոսրացման մասին խոսել երեւի անհարկի է, դա կարելի է  անել մի քանի տասնյակ տարի հետո... կան երեւի մի քանի խիտ տարածքներ, դժվարամատչելի, որոնց դեռ չի հասել մեր փառապանծ հատողների ձեռքը, բայց դրանք շատ քիչ են, եւ նոսրացման մասին խոսողներն այդ տարածքները նկատի չունեն էլ, դրանք իրենց համար դժվարամատչելի են:

Կարծիք կա, որ թույլտվության անվան տակ շատ հաճախ այլ ծառեր էլ են հատվում, որոնք ի սկզբանե հատման ենթակա չեն եղել, փորձը ի՞նչ է ցույց տալիս այս դեպքում:

Հիմնականում այդպես էլ տեղի է ունենում, եթե ասում են նոսրացում կամ սանիտարական հատում, ապա պիտի հատվեն հին, հիվանդ ծառերը, սակայն մենք հաճախ տեսնում ենք, որ սարերից ավտոմեքենաներով իջեցնում են

հիմնականում առողջ ծառեր:

Իսկ փայտանյութի վաճառքի հետ կապված ի՞նչ կասեք. իրավունք ունե՞ն վաճառել փայտանյութը գյուղացուն.

Կարծեմ, այո, եթե չեմ սխալվում մտնում է անտառտնտեսությունների բյուջեների գոյացման կետերի մեջ, բայց դե գյուղացիներին վաճառում են շինանյութի համար հատված ծառերի ոչ պիտանի մասերը, եթե վաճառում են…

Ունե՞ք ավելացնելու որեւէ բան:

Այսօրվա գլխավոր խնդիրը պիտի լինի անտառ վերականգման եւ անտառ ստեղծման խնդիրը, որը ապագայում մեծ դեր է խաղալու Հայաստանի տնտեսության համար: Դա պիտի լինի համար մեկ խնդիրը, որովետեւ անտառը, ոչ միայն կենսաբազմազանություն է, այլ դա նաեւ ջրհավաք դեր ունի, իսկ ապագայում ջուրը մեծ դեր է ունենալու:

 

Տեսանյութը` Էդվարդ Ազումանյանի