Գյումրիի նախկին ռադիոգործարանի շենքում 9 սոցիալապես անապահով ընտանիք է ապրում։ Բնակիչները սարսափելի պայմաններում են ապրում արդեն 20 տարուց ավելի։
Նրանց խոսքով վիճակը օր օրի ավելի է վատթարանում։ Մի քանի օր առաջ էլ 3-րդ հարկը փլվել է 2-րդի, այնուհետև 1-ին հարկի վրա։
«Պետությու՛ն, ասում եք՝ ընտրեք մեզ, և ձեզ կօգնենք։ Ընտրել ենք, դե հիմա օգնեք մեզ, տեսնենք՝ ինչ կլինի մեր վիճակը։ Հիմա ու՞ր գնանք այստեղից։ Կա՛մ կտուրը փոխեք, կա՛մ մեզ որևէ այլ հանրակացարան տրամադրեք, հելնենք, ռադներս քաշենք գնանք։ Փաշինյանին դիմեցինք, պատասխան եկավ, որ բյուջեում փող չկա հիմա, բայց իրանց տակը լցնելու համար փող կա։ Ով որ ուզում էր մեր շենքի համար մի լավ բան աներ, մեր երկրի «թագավոր» ղեկավարը բոլորին փակել տվեց»,- ասաց շենքում բնակվող տղամարդկանցից մեկը։
Անչափահաս երեխաների մայրն ասում է, որ առնետները բարձրացել էին երեխաների վրա, և հազիվ են հիվանդանոց հասցրել, հարկերը փլվելու ժամանակ երեխաներին վազելով են տարհանել, որ հանկարծ չվնասվեն։
«Պետություն ջան, շունը որ շուն է, այս պայմաններում չի ապրի։ Փաշինյա՛ն, եթե մարդ ես, արի 5 րոպե ապրի էստեղ։ Գյումրու քաղաքապետին չեն թողնում որ մեզ օգնի, որովհետև ՔՊ-ական չէ, հակահայ է իրանց մտածելով, Լեննականը դարձել է Նիկոլի աչքի գրողը։ Հիմա եթե ՔՊ-ական լինեինք, դղյակներում կապրեինք։ Էս ամենը ասելու համար հիմա կգան մեզ էլ կհավաքեն, կփակեն, ջհանդամ, գոնե էնտեղ չոր է, հանգիստ կպարկենք, շորերը թաց չի լինի»,- ասացին բնակիչները։











