Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 30–ին, շարունակվում է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը։ Այն մեկնարկել է երեկ՝ հոկտեմբերի 29–ին։

Հիշեցնենք, որ նստաշրջանին հրաժարվել են մասնակցել Վրաստանը և Ադրբեջանը։

Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտարարել էր, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նա նաև հավելել է՝ որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։

Ինչ վերաբերում է Վրաստանին, այդ երկրի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին ուղղված իր նամակում նշել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի «վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով»։ Ըստ Մախաշվիլիի՝ բազմակողմ երկխոսությունը, որը «նախկինում լայնորեն աջակցվում էր Վեհաժողովի մասնակիցների կողմից, ցավոք, անցյալում է»։