Բացի այն, որ ապօրինություններ են տեղի ունենում և տեղի ունենալու թերևս Հովհաննավանքում, բացի այն, որ շատ անտեղյակ, բայց բարեպաշտ մարդիկ իրենց չիմանալու պատճառով վատ հոգևոր հետևանքներ են քաշելու, ակամա մասնակցություն ունենալով ապօրինությունների, ոչ օրինական պատարագների, ոչ օրինական ծիսական կյանքի, ոչ օրինական քահանայի օրհնության, նաև այստեղ կարևոր եմ համարում իրազեկ, բարեպաշտ հավատացյալների հոգևոր իրավունքները։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Վիգեն Քահանա Ղազարյանը։

«Նրանք իրազեկ են և գիտեն, որ Հովհաննավանքում իրեն քահանա հորջորջող, բայց ոչ քահանա անձնավորություն, ծիսագործում է, պատարագ է մատուցում իբրև թե, և նրանք գիտակցաբար չեն գնա այդ պատարագին, բայց նրանք ուրիշ տեղ չունեն գնալու։ Այստեղ ոտնահարվում է հավատացյալ մարդու հոգևոր իրավունքը։ Նա այս խժդժության պատճառով զրկվում է իր բաժին պատարագից, զրկվում է իր բաժին հաղորդությունից։ Ահա այս հանգամանքը իմ կարծիքով ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ է որ շատ արագ լուծում առաջարկվի այդ մարդկանց, որ նրանք կարողանան շարունակել իրենց հոգևոր ընթացքը, իսկական պատարագների մասնակցելու հնարավորություն ունենալ։

Օրինակի համար, եկող կիրակի շատ իրազեկ հավատացյալներ, ցավոք սրտի, զրկված են լինելու ճշմարիտ սուրբ հաղորդությունից»,–ասաց նա։

Իր հերթին Տեր Վրթանես քահանա Բադալյանն ասաց. «Այսօր խախտված են թեմի հոգևոր դասի իրավունքները, նաև ապօրինի կերպով ձերբակալված է, թեմի բարեխնամ առաջնորդ, Մկրտիչ եպիսկոպոս Պորոշյանը, նաև մեր հոգևոր եղբայր, սիրելի հոգևոր եղբայր Տեր Գարեգինն է կալանավայրում, էլի ապօրինի կերպով։

Արագածոտնի ողջ թեմի կյանքը փորձում են խաթարել անօրեն ուղի բռնած Ստեփան Ասատրյանի միջոցով, որը այլևս քահանա չէ»։

Տեր Տաճատ քահանա Բարսեղյանն էլ՝ անդրադառնալով կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանի այն հայտարարությանը, թե քահանաները վերածվել են եպիսկոպոսական հրահանգները կատարողների, նշում է, որ նա մի մեծ բացթողում է անում. «Նա իր գրառումներում խոսում է, որ քահանաները վերածվել են եպիսկոպոսական հրահանգները կատարողների։ Աստվածաշնչում հստակ այդ մասին պատվիրան կա: Լսե՛ք ձեր առաջնորդներին: Բայց որևէ մի պատվիրան չկա, որ ասի՝ լսեք քննչական կոմիտեին: Այս մարդը նեղվում է, որ եպիսկոպոսի հրահանգներն է կատարում, բայց երբ որ քննչական կոմիտեի հրահանգներն է կատարում և այնուհետեւ մարդկանց սուտը ներկայացնում, չի նեղվում։ Սա ինձ մոտ արդեն կասկած է առաջացնում»։