Այդ անձը կեղծիքը կեղծիքի հետևից տարածում է. ամեն օր մի նոր կեղծիք, նախորդ օրվա ասածը հերքում է, վերաձևակերպում է և այլն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ Հովհաննավանքի կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը մկրտության արարողության մասնակիցներին սկզբում հավաստիացրեց, որ վկայական տրամադրելու է, սակայն դրանից հետո խոսքը փոխեց, ասելով, որ այդ մարդիկ չեն պահանջում վկայական։
«Ցավոք սրտի, այս երևույթին, այս սուտի ու կեղծիքի տարածմանը մենք ականատես ենք ամեն օր։ Ինչ վերաբերում է մկրտության կամ պսակադրության վկայականներին, ինքը իրավունք չունի և չի կարող որևէ վկայական տալ, և ինքը շատ լավ դա հասկանում է։ Սկզբում փորձեց մարդկանց խաբել, թե կտանք, հետո հասկացավ, որ այդ կեղծիքը երկար կյանք չունի, որովհետև ինքը որևէ կնիք չունի, որևէ իրավասություն չունի և որևէ կերպ չի կարող մարդկանց օրինական վկայական տալ։ Կարող է թղթի վրա ինչ-որ բան գրի, բայց դա որևէ օրենքի ուժ չունի և որևէ տեղ չի կարող ճանաչվել։
Եվ մյուս կարևոր հանգամանքը, եթե մարդը այնտեղ պսակադրվում է և կամ մկրտվում է կարգալույծ հոգևորականի ձեռամբ, այդ մկրտությունը մկրտություն չի և այդ պսակը պսակ չի։ Այսինքն եթե այդ անձը հետո ուզենա գնալ որևէ այլ եկեղեցի պսակադրվելու, իրեն պետք է նորից մկրտենք։ Այսինքն դա նորից չի, որովհետև նախորդ կատարած ծեսը անվավեր է, այդ մարդը պիտի մկրտվի, որովհետև ինքը ուրիշ տարբերակ կամ ուրիշ ճանապարհ չկա»։











