ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը օրենքի համաձայն շարունակում է գործել այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջ գործընթացը չի հասել իր տրամաբանական ավարտին, իսկ տրամաբանական ավարտը այն է, երբ որ պետությունը կբանակցի սեփականատիրոջ ընկերության հետ կամ այդ ընկերության տնօրենների խորհրդի հետ, որից հետո տեղի կունենա սեփականության իրավունքի անցում, և դրանից հետո պետությունը արդեն ինքը կորոշի պետականացված այդ ընկերությանը, ի՞նչ նոր կարգավիճակ տալ։ Այս մասին, ՀԾԿ հանձնաժողովի նիստից հետո, որում որոշվեց ՀԷՑ–ին զրկել լիցենզիայից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Այդ նոր կարգավիճակի հետ կապված այս պահին իմ մտքում առնվազն նշմարվում է երեք տարբերակ։ Թե որ ճանապարհով պետությունը կգնա, դա ժամանակը ցույց կտա։
Տարբերակ 1. կարող են վաճառել այլ ընկերության, տարբերակ 2. կարող են կոնսորցիումով կառավարման տալ, պետությունը մասնաբաժին ունենա, տարբերակ 3. կարող են պետական պահել։ Թե որ տարբերակը կլինի, դա ժամանակը ցույց կտա»,–ասաց նա։
Հարցին՝ պետությունը ֆինանսական պարտավորությունների ինչ բեռ է վերցնում այս որոշումով, ՀԾԿՀ նախագահը նկատեց, որ հիմա թիվ հնչեցնել չի կարող, որովհետև պետության հետ երեքամսյա բանակցությունների ընթացքը պետք է ցույց տա, այնտեղ պարզ կլինի, թե ինչ գին կձևավորվի փոխհատուցման»,–ասաց նա։
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր այսօրվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։





























