«Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալների համաձայն Երևան քաղաքում, հատկապես կենտրոն վարչական շրջանում, նոյեմբերի 17-ից 25-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1,4–4 անգամ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը։
«Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին և նոյեմբերի 25-ին, համապատասխանաբար 4 և 3.5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Արաբկիր վարչական շրջանում նույն ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1,1-1,6 անգամ, իսկ Շենգավիթ վարչական շրջանում միայն նոյեմբերի 25-ին գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.2 անգամ։ Նոր-Նորք վարչական շրջանում չի գերազանցվել փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ազոտի երկօքսիդի պարագայում, նոյեմբերի 17-ից 25-ն ժամանակահատվածում, կրկին կենտրոն վարչական շրջանում 17-ից 19-ը գերազանցվել է 1.4-1.6 անգամ, Արաբկիր վարչական շրջանում նոյեմբերի 17-ին և 20-ին և Նոր Նորք վարչական շրջանում նոյեմբերի 17-ին և 22-ին 1.1 անգամ, իսկ Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 25-ին՝ 1.3 անգամ։
Այս նույն ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան աճել է, սակայն ոչ մի վարչական շրջանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Գետնամերձ օզոնի պարունակությունը ևս չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,–ասաց նա։
Գայանե Շահնազարյանը հավելեց, որ վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ օդի տուրբուլենտականությունը Արարատյան գոգավորությունում դադարել է, իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգի և օդի աղտոտվածության կուտակման, ինչն էլ նաև նպաստել է ցուցանիշների բարձրացման. «Քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում ևս կպահպանվի այս պատկերը մինչև հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։
Օդային հոսանքների կանգը բերում է Արարատյանգոգավորությունում օդային հոսանքների ճանապարհի փակման և չի թողնում, որ Երևանում օդը տեղաշարժվի և բնականաբար արտանետվող գազերը, փոշին կուտակվում են այս հատվածում։
Սա նորություն չէ, սա բնորոշ է Արարատյան գոգավորությանը այս ժամանակահատվածում, քանի որ օդի ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հատկապես գիշերային ժամերին, ինչն էլ իր հերթին բերում է այդպիսի սառը օդային զանգվածների կուտակման»,– ընդգծեց նա։











