Նորաստեղծ «Հայկական ճանապարհ» կուսակցության առաջնահերթություններն են բարեփոխումները բոլոր ոլորտներում, բիզնեսի զարգացումը և սոցիալական հավասարությունը։

Ելույթ ունենալով հիմնադիր համագումարի բացմանը՝ Նարեկ Մանուկյանն ընդգծել է փոփոխությունների անհրաժեշտությունը մի իրավիճակում, երբ երկիրը կառավարում են կարճատես մարդիկ, որոնք առաջնորդվում են թշնամու և սեփական անձնական նեղ շահերով։ Անդրադառնալով աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ Մանուկյանը նկատել է, որ գլոբալիզմի անվան տակ մարդկանց կտրում են ինքնությունից և ենթարկում իրենց շահերին։

Մանուկյանը համառոտ ներկայացրել է կուսակցության առաջարկած բարեփոխումները։ «Ազատ շուկան, ձեռնարկատիրությունը ստեղծում են պետության հզորությունը, սակայն պետությունը չի կարող թույլերին թողնել բախտի քմահաճույքին»,- հիշեցրել է Մանուկյանը՝ նկատելով, որ կարգախոսն է՝ ազատություն բիզնեսում, արդարություն հասարակության մեջ։

Միաժամանակ Նարեկ Մանուկյանն արձանագրել է պետական ինստիտուտների քայքայումը և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրները, կորել է վստահությունը պետության և իշխանության, ապագայի նկատմամբ։ «Մենք եկել ենք դա լրացնելու նոր մշակույթով և էներգիայով։ Սա պարզապես կուսակցություն չէ, այլ հասարակական շարժում և մոտեցումներ։ Միավորվել գաղափարի, այլ ոչ թե անձերի շուրջ, կառուցել գաղափարական բջիջներ, տարածել ճշմարտությունն ու պայքարել ապատեղեկատվության դեմ։ Սա կառավարման նոր մոդել է»,- հայտարարել է Մանուկյանը։

Ըստ նրա, անհրաժեշտ են վճռական փոփոխություններ անվտանգության ոլորտում, հետևաբար՝ բանակում։ Ըստ Մանուկյանի, առկա է անձնակազմի և սպառազինության պակաս, իսկ բանակում ծաղկում են թմրամոլությունն ու խաղամոլությունը։ Մանուկյանն առաջարկում է հավաքների փոխարեն բնակչության շրջանում պատրաստություն անցկացնել տեղերում, ստեղծել արտաբյուջետային հիմնադրամ, որը կհամալրեն քաղաքացիներն ու սփյուռքը, և հավաքված գումարով զենք գնել ու արտադրել։ Անհրաժեշտ է նաև կառուցել ստորգետնյա մոդուլային շինություններ։

Միաժամանակ Հայաստանին անհրաժեշտ են իրական դաշնակիցներ։ Մանուկյանը կարծում է, որ այժմ Հայաստանը դրանք գրեթե չունի, իսկ եղածներն էլ զոհաբերում են մեզ հանուն իրենց շահերի։ Պետք է բարեկամություն անել նրանց հետ, ովքեր հակասություններ ունեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կարծում է Մանուկյանը։

Մանուկյանն անդրադարձել է ժողովրդագրական խնդիրներին։ Նա ներկայացրել է պաշտոնական տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանում վերջին տարում ծնվել է 33 000 երեխա, մահացությունը ՀՀ-ում կազմել է 25 000։ Եղել են տարիներ, երբ ծնվում էր ավելի քան 80 000 երեխա, հիշեցրել է Մանուկյանը։ Ծնելիությունը խթանելու համար նա առաջարկում է նվազեցնել հարկերը 1-3 երեխա ունեցող մայրերի համար, իսկ 4-ից սկսած՝ ընդհանրապես հանել։

Մանուկյանը հիշեցրել է, որ աշխատունակ տարիքի մարդկանց կեսից պակասն է ապահովված աշխատանքով, իսկ աշխատավարձերը մի քանի անգամ ցածր են, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում, այն դեպքում, երբ գները համադրելի են։ Այս հարցը պետք է լուծել ներդրողների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը, բնականաբար, բացառում է ներդրողների և գործարարների հետապնդումները։

Ըստ Մանուկյանի, անհրաժեշտ են նաև բարեփոխումներ առողջապահության և կրթության ոլորտներում։

Սփյուռքի հետ տարվող աշխատանքի հարցում Մանուկյանը կարևոր է համարում ջանքերի միավորումը։ «3 մլն-անոց Հայաստանի համար դժվար է հզոր պետություն լինել, բայց 10 մլն-ով մենք ուժ ենք։ Հայաստանը պետք է լինի կենտրոն, հենարան, որը միավորում է աշխարհի հայերին»,- ընդգծել է Մանուկյանը։