Եվրոպային ներշնչել են, որ Ռուսաստանի հետ իրեն պատերազմ է սպասում, դրա համար էլ ԵՄ-ն փորձում է երկարաձգել պատերազմը Ուկրաինայում, որպեսզի հասցնի իր բանակը պատշաճ կերպով պատրաստի։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները հայտարարում էին, որ եվրոպացի պաշտոնյաները ճնշում են գործադրում իրենց վրա՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու համար, սակայն Թբիլիսին փորձում է կանխել դա։ Ակնհայտ է, որ նույն այդ մոդերատորները հիմա էլ փորձում են տնտեսական կապերի վրա հիմնված որոշակի դաշինք կերտել Հայաստանից և Ադրբեջանից, և Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո այն օգտագործել որպես Ռուսաստանի դեմ հաջորդ ճակատ՝ ժամանակ շահելու համար։ Դրանով է պայմանավորված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապերն արագ վերականգնելու Եվրոպայի ձգտումը։
Ակնհայտ է նաև, որ եվրոպացիները ցանկանում են ապագայում Հայաստանից և Ադրբեջանից ռազմաքաղաքական դաշինք կերտել՝ ընդդեմ Ռուսաստանի»,- ընդգծել է Կիվիրյանը։
Նա կարծում է, որ հենց դրանով է բացատրվում Ռուսաստանի կոշտ հռետորաբանությունը՝ ի պատասխան Հայաստանի և ԵՄ-ի միջև վերջերս կնքված համաձայնագրի, և որ գործնական գործողությունները կարող են հաջորդել Ուկրաինայում իր նպատակներին հասնելուց հետո։
«Հենց դրանից հետո Ռուսաստանն ակտիվորեն կզբաղվի Հարավային Կովկասով, այնուհետև՝ Կենտրոնական Ասիայով»,- հավելել է վերլուծաբանը։
Ըստ փորձագետի՝ «3+3» ձևաչափն ուղղված է Հայաստանի համար այս վտանգավոր սցենարի դեմ։ «3+3-ը Հայաստանի համար բավականին շահավետ ձևաչափ է։ Եվ եթե Երևանը սկզբից ակտիվորեն ներգրավվեր այս ձևաչափում, Արցախը կարող էր դեռևս հայկական լինել»,- ընդգծել է Կիվիրյանը։











