Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ։ Այս մասին Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց որ կանցլերի հետ գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի համագործակցության հետևողական զարգացումն ու խորացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, բնապահպանության բնագավառներում։«Կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական Միությունում` առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա շարունակման ու զարգացման հարցում։ Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվ զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում, այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն», – ասաց Փաշինյանը։











