Որ եկեղեցին ունի բարեփոխման խնդիր, դա ակնհայտ է, բայց այն անձնավորությունը, որը հիմա վարչապետ է աշխատում, նա Հայաստանում գուցե աշխարհում ամենավերջին մարդն է, որը պետք է եկեղեցին բարեփոխի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եկեղեցու ներսում, իհարկե, բարեփոխման մասին խոսակցությունները ակտիվացել են և միանշանակ այդ բարեփոխումները տեղի կունենան այս անձնավորության հեռանալուց հետո։ Իսկ հիմա խնդիրը բարեփոխումը չի։ Ինքն ասում էր՝ կաթողիկոսը աղջիկ ունի, հետո բերում է կոռումպացված և այլասերման մեջ գտնվող եպիսկոպոսներ, որոնք վերահսկողության տակ են, և նրանք արդեն արտաքին քաղաքական ծրագրերի ելույթներով են հանդես գալիս։ Դրանից հետո իրենք սկսեցին մեղադրել, ով է ԿԳԲ-ի լրտես։ Այսինքն մենք տեսնում ենք, որ պատճառները կամ առիթները փոխվում են։
Իրականում այդ անձնավորությանը հետաքրքրում է, որ եկեղեցին որպես կառույց փլուզվի և փլուզվի նաև սփյուռքը, որովհետև սփյուռքը ցանցային կառույց է։
Ադրբեջանական և թուրքական հետազոտական կենտրոնները, նաև պետական պաշտոնյաները ասում են՝ հայկական ազգայնականության հիմքը եկեղեցին է և սփյուռքն է, դրա համար պետք է այդ հարցը լուծվի և հանձնարարել են և այս մարդը այդ պահանջները կատարում է։ Այստեղ ոչ կուսակրոնության հարցն է, ոչ էլ եկեղեցու բարեփոխման»,– հայտարարեց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքը չի ուզում, որ կաթողիկոսը լինի այլ երկրի գործակալ, Ստեփան Դանիելյանն ասաց, որ եթե երկրի ղեկավարը հայտարարում է գործակալների ու դավաճանների մասին ու որևէ քայլ չի անում, դա քրեական գործ հարուցելու հիմք է. «Իսկ եթե ինքն է գործակա՞լ։ Այդ տարբերակը մենք քննարկո՞ւմ ենք, որովհետև տեսնում ենք ինքը բացահայտորեն կառավարվում է Ադրբեջանի կողմից։ Այնտեղից հայտարարություն է հնչում, ինքը կատարում է։
Մյուս կողմից ՔՊ-ականները տեղական ինքնակառավարման ներկայացուցիչները հոգևորականների հետ են հանդիպում, մի կողմից վախեցնում, մի կողմից գայթակղում են տարբեր դիվիդենտներով, որ իրենք կունենան, եթե անցնեն իրենց կողմը։ Սա ևս քրեական հանցագործություն է»,–ասաց նա։
Քաղաքագետը նկատեց, որ եկեղեցում հատկապես միջին դասի քահանաները, ամուսնացյալ քահանաները, սարկավագները, վարդապետները այս գայթակղություններին և ռեպրեսիաներին դիմանում են, ինը շատ լավ նորություն է. «Սա նշանակում է, որ այդ մարդիկ պինդ են կանգնել և չեն դավաճանում, և եպիսկոպոսների այդ փոքր խմբակը ավելի է վարկաբեկվում, որը դավաճանել է եկեղեցուն»։
Հարցին՝ ի՞նչ հնգուցալուծում է տեսնում, Ստեփան Դանիելյանն ասաց. «Եթե կաթողիկոսը հրաժարական չի տալիս, իսկ ես դժվար եմ պատկերացնում, որ ես ամենից հետո ինքը փորձի հրաժարական տալ, երբ չորս եպիսկոպոսներ գտնվում են համապատասխան վայրերում, երբ մյուսների նկատմամբ հալածանքներ են իրականացնում, ուղղակի կաթողիկոսը չի կարող նման պայմաններում հրաժարական տալ, որովհետև դա կլինի արդեն դավաճանություն։ Իսկ այլ որևէ եղանակ, ստիպել, որպեսզի նա հրաժարական տա, ուղղակի գոյություն չունի։ Դա անհնար է»։
Ինչ վերաբերում է տեսակետին, որ ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է չեզոքացնել եկեղեցին, քանի որ եկեղեցին հնարավոր է՝ խանգարրի ընտրությունների ժամանակ, նա նշեց. «Իր մոտ վախի մթնոլորտ կա Վրաստանի օրինակով։ Վրաստանում Սաակաշվիլին ընտրություններում պարտվեց և իշխանությունը կորցրեց, և այդտեղ շատ մեծ դերակատարություն ունեցավ վրացական եկեղեցու դիրքորոշումը։ Պատահական չէր, որ Սաակաշվիլին բանտից հայտարարություն էր անում, որ իմ մեծ սխալն էր, որ ես չկարողացա ճնշել վրացական եկեղեցին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը, ինքը ավելի խելոք գտնվեց և արդեն պայքար է տանում եկեղեցու դեմ։
Այսինքն մենք տեսնում ենք, որ նա պայքարում է ոչ թե կուսակրոնության, այլ վերարտադրվելու համար։
Այս մարդը վախի մեջ է, և որպես վախի մեջ գտնվող տարբեր ոչ ադեկվատ քայլերի է ընդունակ։ Իր գլուխը մտել է, որ իր վերարտադրվելու համար ինքը պետք է փորձի հաղթել եկեղեցուն։ Հիմա ինքը այդ ծրագրով փորձում է գնալ։
Բայց պատմության ընթացքում բոլոր նրանք, որոնք եկեղեցու դեմ են դուրս եկել, պարտություն են կրել։ Նույնիսկ սովետական ռեժիմը չկարողացավ հաղթել եկեղեցիներին և մյուս կրոնական համայնքներին, որովհետև որքան դու հարվածում ես եկեղեցուն, այնքան եկեղեցին ուժեղանում է։











