Ձեր հարցը կոռեկտ չի, և ես այդ հարցին չեմ պատասխանի։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասել է Սամվել Կարապետյանի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չկա դատավոր որ իմ ասածը չանի, որ նրանք պատերի տակ վնգստում են, դուք երբևիցե վնգստացե՞լ եք։
Հարցին՝ վարչապետից SMS–ներ չի՞ ստացել, նա պատասխանեց. «Ոչ մի անգամ որևէ մեկը որևէ հանձնարարություն ինձ չի տվել, ես գործում եմ բացառապես սահմանադրությամբ և օրենքներին համապատասխան, SMS-ներ ստանում եմ իմ ընկերներից, իմ տան անդամներից։ Ես իր հեռախոսամարը չունեմ, կարծում եմ ինքն էլ իմը չունի»։
Հիշեցմանը, որ ինքը ժամանակին եղել է ՔՊ պատգամավորի թեկնածու, և իր արդար քննություն վարելու փաստը միշտ կասկածի տակ է դրվում, դատավորն ասաց. «Մեկ տարի և վեց ամիս ես պաշտոնավարում եմ, որևէ դեպք կարո՞ղ եք մատնանշել, որ ես ոչ օբյեկտիվ եմ գտնվել և ոչ արդար։ Ունեմ բազմաթիվ վճիռներ, այդ թվում նաև միջդատական վարույթի, կալանքների վերաբերյալ, ըստ էության քննվող գործերով բազմաթիվ դատավճիռներ, որոշումներ։ Ինձ համար անձինք կարևոր չեն, ես X անձ եմ վերաբերվում, թե գործի քննության շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց, թե միջնորդության քննարկման շրջանակներում։ Անձինք ինձ համար կարևոր չեն, ինձ համար կարևոր է սահմանադրությունը, օրենքները, միջնորդությանը կից ներկայացված նյութերը, քրեական գործը։ Դրանք ես գնահատում եմ սահմանադրության և օրենքներին համապատասխան իմ ներքին համոզմամբ։
Ես որևէ մեկի սրտի որոշումը չեմ կայացնում, ես օրենքի սրտի որոշում եմ կայացնում և իմ որոշումները, իմ ակտերը բացառապես բխում են օրենքից և դրանք գնահատում եմ իմ խեղճով, իմ ներքին համոզմունքներով։ Խիղճ ասելով մենք հասկանում ենք ներքին սահման, որը չպետք է մենք անցնենք և պետք է պատրաստ լինենք դիմագրավել ցանկացած մարտահրավերների»։
Լրագրողի այն հարցին, որ իր որոշման արդյունքում է ազատ արձակվել Սամվել Կարապետյանը, իր նկատմամբ որևէ ճնշում եղել է այդ որոշումից հետո, դատավորը պատասխանեց. «Իմ նկատմաբ որևէ անգամ ճնշում չի եղել, չկան և լիահույս եմ երբևիցե չի լինի: Դատավորի կողմից անկախ, անաչառ դատական ակտ կայացնելու համար որևէ ճնշումներ չկան և չպետք է լինեն:
Իմ բոլոր դատական ակտերը իրենց մեջ, այո, որոշակի առումով համարձակություն պարունակում են։ Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, և դա ինքնին համարձակություն է պարունակում իր մեջ»։
Նա չցանկացավ մեկնաբանել պետության կողմից եկեղեցու գործերին խառնվելու փորձերը։











