Խնդրահարույց լինելու համար պետք են հիմնավորումներ, ես տեսել եմ այդ տեսանյութը, և այնտեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսել։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով նրան, որ Վեդիի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը հայտարարել էր, որ իրեն ասել են, որ պետք է մասնակցի վարչապետի գլխավորած ուխտերթին և ինքը հիվանդ վիճակում գնացել է։
«Ես նայել եմ այդ տեսանյութը և որևէ մեկը չի ասել, որ իրեն ստիպել են գալ։ Մարդիկ ասել են, որ իրենց բերե՞լ են։ Համենայնդեպս, ձեր ենթադրությունները, կարծում եմ՝ մի փոքր հիմնավոր փաստարկների վրա պետք է անեք»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ ասաց, որ ինքն էլ տեղյակ է, այդ տեսանյութը տեսել է և ուսումնասիրում են հարցը, Ջուլհակյանն ասաց. «Շատ լավ, թող ուսումնասիրեն։ Խնդրահարույց համարելու համար պետք են բավարար հիմնավորումներ, այն, ինչ որ ես տեսել եմ, այդտեղ խնդրահարույց բան չեմ տեսել։ Եթե դուք կունենաք հավելյալ փաստեր այդ հարցում, դրանք հիմա չկան։ Համենայն դեպս մեր պետության ներսում պետական ինստիտուտները իրենց տեղում են, աշխատում են։ Ասում եք՝ Մարդու իրավունքների պաշտպանը ասել է, որ ուսումնասիրում է այդ դեպքը, եթե դա կարելի է համարել դեպք։ Թող ուսումնասիրի իր եզրակացությունը կտա, դրանից հետո մեր քննարկումը կշարունակենք»։











