Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցենք որևէ դաշինքի շրջանակներում։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով հեռացվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դրա խմբակցությունից:
«Այնպես չի, որ այդ հարցը հեշտ լուծվող հարց է, որովհետև կան դաշինքներ և ուժեր, որոնց մենք չենք կարող միանալ։ Չեմ էլ ասում, որ իրենք խնդրում-աղաչում են, որ մենք միանանք ու մենք ենք մերժում, դա այդպես չէ։ Մեր գաղափարական հենքերով պայմանավորված՝ պարոն Ասլանյանը և ես գտնում ենք, որ ուժեր կան, որոնք մենք ինքներս չենք կարող միանալ։ Կան ուժեր, որոնց մենք կուզեինք միանայինք, բայց նրանք չեն ցանկանում մեզ միանալ», - ասել է Աղազարյանը:
Այդուհանդերձ, ինչպես նշել է պատգամավորը, կան ուժեր, որոնց հետ նրանք այսօր բանակցություններ են վարում։ Սակայն Աղազարյանը չի բացառել այն հավանականությունը, որ որևէ քաղաքական ուժ չի ցանկանա միավորվել իրենց հետ՝ համարելով նրանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «նախագիծը»։ Այնուամենայնիվ, նույնիսկ դա հաշվի առնելով, նրանք պատրաստ կլինեն ամեն տեսակ հնարավոր աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր ճակատին։
Ի պատասխան այն հարցին, թե ում հետ են տեսնում հետագա համագործակցության հնարավորությունը, խորհրդարանականն ուղղակիորեն հայտարարել է՝ բոլորի հետ, բացառությամբ այն քաղաքական ուժերի, որոնք կապված են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների՝ համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:
Նա նաև մերժել է «Մեր ձևով» շարժման հետ հնարավոր համագործակցությունը։ Ըստ նրա գնահատականի՝ այդ ուժը Հայաստանում ժողովրդականությամբ երկրորդն է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հետո։
«Սամվել Կարապետյանին մենք չենք միանա։ «Մեր ձևով» շարժմանը մենք չենք միանա, որովհետև ես վստահ եմ, որ «Քաղաքացիական պայմանագրից» հետո երկրորդ ուժը «Մեր ձևով» շարժումն է և ես 100 տոկոսանոց վստահություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու, որպեսզի «Մեր ձևով» շարժումը կամ ասոցացված մի միավորում, կամ ասոցացված մի միավորում, կամ ասոցացված մի ուժ հասնի ֆինիշի, այսինքն նախընտրական օրվա էդ քվեարկությանը։ Այ դրա համար ենք առաջարկում միասնական ճակատ, որի կենտրոնական քաշող ուժը պետք է լինի «Մեր ձևով» շարժումը», - պարզաբանել է Հովիկ Աղազարյանը:











