ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարծեցել է, որ ՊՆ համակարգից ազատել է այն ծնողներին, որոնց որդիներն այլ պետությունների քաղաքացիներ են։
Անթույլատրելի համարելով այն երևույթը, երբ ծնողները փորձում են որդիներին ազատել բանակում ծառայելուց՝ Պապիկյանը պատմել է, որ հորդորել է աշխատանքից ազատվել կամ ինքն է ազատել գերատեսչության բոլոր այն աշխատակիցներին, որոնց որդիներն այլ երկրների քաղաքացիներ են։ Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ Պապիկյանը նշել է, որ չի կարող նույն մոտեցումը տարածել հիվանդություն ունեցողների վրա, սակայն «կասկածի որդն իրեն կրծում է»։ Սա խորհելու տեղիք է տալիս, հավելել է նախարարը՝ շարունակելով, որ «կա մի հատված, որը հիվանդությունների հետ կապ չունի»։ «Սա ազգային անվտանգության հարց է»,- ընդգծել է նախարարը։
Որպես օրինակ նա նշել է գլխուղեղի կիստան։ Պապիկյանի կարծիքով՝ այդ «փոքր» հիվանդությունը ցանկից հանելու շնորհիվ հաջողվել է բանակ զորակոչել բազմաթիվ երիտասարդների։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև շատ այլ հիվանդությունների։ Նախարարը նշել է, որ ամեն տարի փոփոխություններ են կատարվում՝ հաշվի առնելով նախորդ տարիների հիվանդությունների ցուցանիշները։











