Պարգևավճարները պետական ապարատի ներկայացուցիչներին՝ բարեփոխման մաս են կազմում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
«Այո, բարեփոխման մաս է կազմում, ի՞նչ իմաստով, որ պետական ապարատը խրախուսման կարիք ունի։ Մենք տարբեր գործիքներով այդ խրախուսումները տարվա ընթացքում փորձում ենք ուրեմն իրականացնել, երբեմն դա ատեստավորման միջոցով է, երբեմն տարբեր, ուրեմն պետական տոների միջոցով, երբեմն առանձին աշխատանքի վերաբերյալ, աշխատանքի արդյունքներով պայմանավորված և այլն. այսինքն՝ յուրաքանչյուր պետական մարմին առանձին ինքը նաև կարողանում է որոշում ներկայացնել, ինչպես պարգևատրել իր աշխատողներին, և սա էլ տարեվերջյան այդպիսի պարգևատրում է։ Ես հասկանում եմ, որ շատ ավելի գրավիչ է իհարկե խոսել բարձրաստիճան պաշտոնյաների մասին, բայց խոսքը չի գնում միայն նրանց մասին, այլ ամբողջ պետական ապարատի, որի անհրաժեշտությունը կարծում եմ, որ կա»,- նշեց նա։
Անդրադառնալով նրան, որ բարձր պարգևավճարներ ստացել են միայն բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորն ասաց. «Օրինակ, նույն նախարարությունում, երբ ես էի աշխատում, այդ սկզբունքին, տեսեք, բարձրաստիճան պաշտոնյաները թվով ավելի քիչ են, ներքևի օղակներում աշխատողները ավելի շատ են։ Բնականաբար, երբ մենք այդ գումարը շատ պարզ տրամաբանությամբ բաժանում ենք մարդկանց քանակի, ավելի փոքր կարող է ստանալ։ Բացի այդ պատասխանատվությունը են այլ, այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյայի կրած պատասխանատվությունը որոշումների կայացման հետ կապված այլ է, քան օրինակ՝ բաժնի պետինը, գլխավոր մասնագետինը, վարչության պետինը և այլոք. ի դեպ իրենք ևս պարգևատրվել են, այսինքն՝ ես չգիտեմ այնտեղ ով որքան և ինչ չափով»։
Անդրադառնալով այն դիտարկմանը՝ արդարացի՞ է արդյոք, որ թոշակառուն լսում է իր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում, Բաթոյանն ասաց. «Դրանք նախ իրար հետ համեմատելի բաներ չեն։ Մենք կենսաթոշակը չպիտի կապենք պարգևավճարի հետ։ Նախ պարգևավճար ստացողները այն մարդիկ են, ովքեր աշխատում են, որպեսզի կարողանան ֆինանսներ գեներացնել այդ նույն կենսաթոշակների, սոցիալական ծառայությունների, առողջապահության ծառայությունների, առողջապահական. այդ բոլոր ցանկացած ծախս, այն ինչը որ իրականացվում է մեր երկրում, սկսած նույն կենսաթոշակառուի համար, երեխաների համար, տարեցների, մի խոսքով, բոլոր մարդկանց համար, այդ բոլոր գործընթացների հետ կապված որոշումները կայացնում են այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են պետական ապարատում»։











