Այս ընտրություններում ընդդիմությունը պետք է նախևառաջ, բացատրի ժողովրդին, որ ամենակարևոր խնդիրը բարձր մասնակցությունն է, բարձր մասնակցությունն է, որ մասնակցության 50%-ից բարձր ցանկացած տոկոս զգալիորեն նվազեցնում է իշխանության վերարտադրման շանսերը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Պետք է բացատրել բոլորին, որ մեկ միլիոն մարդու մասնակցության պարագայում 200 հազար ձայնը 20% է, 1,2 մլն–ի դեպքում համապատասխանաբար իջնում է այդ տոկոսը։ Դա պետք է շատ հստակ բացատրվի, որ տունը նստածը լատենտ նիկոլական է, դա ուղղակիորեն աշխատում է իշխանության համար։
Երկրորդը հնարավորինս պետք է քիչ քանակով ընդդիմադիր մասնակցություն լինի։ Այդ առումով, երեքից չորսը ուժերի մասնակցությունը երևի թե իդեալական կլինի։ Այդ դեպքում, այդ 3-4 ուժերը բոլորը շանս ունեն իրենց մինիմալ խնդիրները լուծել։ Հետո պետք է նստեն իրար հետ, փորձեն գումարել իրենց ձայները, ինչպես Գյումրիում էր։
Եթե նույնիսկ Գյումրիում հնարավոր դարձավ համաձայնության հասնել, որտեղ լրջագույն խնդիրներ կային, ապա քաղաքական հարթակում, հատկապես, եթե քո հիմնական նպատակը իշխանափոխություն ապահովելն է, ես կարծում եմ՝ շատ ավելի հասկանալի և հեշտ կլինի ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել, այդ թվում նաև աշխարհաքաղաքական տեսակետից։ Կարծում եմ՝ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի։ Աշխարհաքաղաքական տեսակետից հակասություններ այդ ուժերի միջեւ կարծում եմ՝ չի լինելու»,–ասաց նա։
Հարցին՝ որքանով է հավանական, որ կրկնվի Մոլդովայի օրինակը, և, ասենք, որոշ ընդդիմադիր ուժերը թույլ չտան մասնակցել ընտրությունների, Վիգեն Հակոբյանն ասաց. «Իհարկե կարող է լինել, եթե թույլ տան՝ կլինի։ Թույլ չտալու համար կուսակցությունների գրանցման շրջանում, պետք է երկրում այնպիսի մթնոլորտ լինի, որ իշխանությունները այլևս նման ռեսուրս չունենան։ Այսինքն, նրանք, ովքեր դա պետք է անեն, հիմնականում դա ուժայիններն են անում, իրենք նստեն, մտածեն՝ արդյոք արժի՞ նման քայլի գնալ, որովհետև 50-50 տարբերակ է։
Այնպիսի մթնոլորտ պետք է ձևավորես, որ հետընտրական զարգացումների անհրաժեշտություն չլինի»,– ընդգծեց նա։











