Փետրվարի 5-ին ընդդիմության ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Ազգային ժողովի դիմաց։
Ակցիայի մասնակիցները եկել էին հոգևորականների, քաղաքական ու հասարակական գործիչների, ինչպես նաև բլոգերների լուսանկարներով, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Նաև ներկայացված են եղել Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարները, որոնք, միջազգային հանրության կողմից ճանաչված բոլոր մարդասիրական նորմերի խախտմամբ և ապօրինի կերպով պահվում են Բաքվում։
«Հայաստանում խոսքի ազատությունն այժմ քրեականացված է։ Մարդիկ, ովքեր հանդես են գալիս գործող իշխանությունների դեմ, հայտնվում են բանտում։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամենին։ Չափազանց կարևոր է հիշել բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ ապօրինի կերպով են պահվում բանտերում», — հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակը չի կարող և չպետք է ընդունելի լինի։ «Մենք չպետք է առաջնորդվենք երկակի ստանդարտներով։ Մենք պետք է հստակ գնահատական տանք և աչք չփակենք այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում… Չի կարելի մրցանակ հանձնել բռնապետին, ով երկար ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին», - ընդգծել է խորհրդարանականը։
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝ իրենց նպատակն է ցույց տալ, որ պատրաստ չեն հաշտվել քաղբանտարկյալների առկայության հետ։ «Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ չի խորշում որևէ մեկին կալանավորելուց։ Մենք միևնույն է չենք մոռանալու Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայության մասին, որոնք 5 տասնյակը գերազանցում են արեն։ Կան մարդիկ, ում անունները մենք չգիտենք, սակայն նրանք բանտարկված են իրենց քաղաքացիական դիրքորոշման, սոցիալական ցանցերում ընդդիմադիրներին «լայքելու» համար», - ասել է Մկրտչյանը։
Իրավիճակի հանգուցալուծումը, նրա խոսքով, ոչ թե ակցիաներ անցկացնելու, դատական գործընթացներին ներկա գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկներ այցելելու մեջ է։ «Լուծումը մեկն է, եթե չլինի Նիկոլը՝ Հայաստանում չի լինի քաղաքական բանտարկյալ։ Եթե չլինի Փաշինյանը, միջազգային հանրության հետ աշխատանքի և մեր պոտենցիալի հզորացման միջոցով հնարավոր կլինի վերադարձնել մարդկանց բաքվի բանտերից», - ընդգծել է խորհրդարանականը։
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Առաքել քահանան, ով նույնպես մասնակցում է բողոքի ակցիային, իր հերթին նշել է, որ հոգևորականները միշտ հանդես են եկել անարդարության և անօրինականության դեմ։ «Մեր եղբայրներն ու հայրերը կալանքի տակ են գտնվում միանգամայն անհիմն կերպով։ Եվ այսօր մեր պարտքն է լինել այստեղ և դիմել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մեզ լսել», — հայտարարել է տեր Առաքելը։











