Գրեթե օր չկա, որ համացանցում չբախվենք կենցաղային բնույթի հանցագործությունների, սպանությունների կամ ինքնասպանությունների մասին լուրերին և դինամիկան բոլորովին լավը չէ։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Վերջին չորս ամսում անչափահասների կողմից իրենց հասակակիցներին դաժան ծեծի չորս դեպք է արձանագրվել: Նոյեմբերին Զորականի պետական քոլեջում, դեկտեմբերին Իջևանի դպրոցում, փետրվարին Ջրաշենի դպրոցում, փետրվարի 23-ին Երևանի 82 դպրոցում։ Սրանք հայտնի դեպքերն են և ես չեմ բացառում որ կան դեպքեր որոնք չեն արձանագրվում։ Այսօր համացանցում ևս դպրոցներից մեկում նորից բռնության մի դեպքի ականատեսը եղանք։
Ինքնասպանությունները կամ սպանության հասցնելը շարունակում են մնալ պարտադիր ժամկետային զինծառայողների մահացության հիմնական պատճառներից մեկը, ինչը փաստում է բանակում դեռևս չհաղթահարված ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Ըստ ՀԿ-ների զեկույցի, 24 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 36 զինծառայող, 25-ին՝ 34։ Հարցս այսպիսին է, ի՞նչ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում կամ ձեռնարկվում այս ուղղությամբ, կա՞ն արդյոք համապատասխան ուսումնասիրություններ, պատասխանատվության ենթարկված պաշտոնյաներ։
Վերջերս խոսվում էր հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության մասին, ի՞նչ փուլում է այն և ի՞նչ հետևությունների մասին կարող ենք այս պահին խոսել»,–ասաց նա։
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր հարցի մեջ իրականում մի քանի բանալի բառեր կային, որոնցից մեկը համացանցն էր, որովհետև եթե նախկինում դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին TikTok-ում կամ Instagram-ում չի եղել, դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները չեն եղել։ Այսինքն հերիք է էլի ձև անենք։ Հիմա հարևանը հարևանի հետ շքամուտքում վիճում է, երրորդ հարևանի առաջին գործը արագ գցի TikTok, որ առաջինը ինքը դիտումներ հավաքի։
Իսկ պրոբլեմը կա, մենք այդ թեմայով կառավարությունում քննարկումներ ենք ունենում։ ՊՆ–ում մահերի մասով եկեք արձանագրենք, որ այդ վիճակագրության մեջ է նաև այն, որ զինծառայողը, ասենք, տանը ինֆարկտից մահանում է, կամ վթարի է ենթարկվում։ Դրա համար մենք վիճակագրությունը պետք է տարբերակենք։
Իսկ մնացած մասով մեր բանակում դեպքերի թիվը նվազել է և նվազում է»։
Փաշինյանը անդրադարձավ նաև քրեական ենթամշակույթին. «Եկեք խոստովանենք, որ քրեականը ենթամշակույթ չի, քրեականը մշակույթ է մեր իրականության մեջ։ Հիշում եմ, երբ ազդարարման մասին օրենսդրությունը ընդունում էինք, ձեր խմբակցության մի պատգամավոր վեր կացավ, ասեց՝ չհասկացա, արդեն «գործ տալու» մասին օրենք ենք ընդունում, այս ու՞ր ենք հասել։
Քանի դեռ մենք քրեական ենթամշակույթը և բռնության մշակույթը, որի կրողը ուղիղ կամ անուղիղ բոլորս ենք, մենք չենք առերեսվել, խնդիրը մնալու է։
Մենք անընդհատ բռնության մշակույթով լցնում ենք երեխային, սկսած նրանից, որ հենց լեզուն բացվում է, երեխաներին սիրելու կամ իրենց հետ հարաբերվելու մեջ բռնությունը պարտադիր ձև կա։ Ասենք պիտի կամ ինքը խփի, կամ դու խփես, մենք դրա հետևանքի մասին չենք մտածում։
Նեգատիվով, այս քրեական մտածողությամբ 18 տարի երիտասարդության լիցքավորում ենք, հետո ուղարկում բանակ։ Հետո գնում մի հատ լեյտենանտի կամ մայորի կամ գնդապետի բռնում, դատում ենք, ասում ենք՝ դու ինչի չես այս խնդիրը լուծել։
Ես ուղիղ ասում եմ մինչև Հայաստանում այս քրեական ենթամշակույթը դուրս չի եկել, մեր միջից, ինձնից սկսած, մենք անընդհատ այդ պրոբլեմներն ունենալու ենք»։
Լիլիթ Գալստյանը նկատեց, որ վարչապետն իրեն տվեց բեսետկայի զրույցի կենցաղային մակարդակի մի պատասխան, բայց ոչ կառավարության և իշխող քաղաքական ուժի պատասխանատվություն կրող անձի պատասխան. ««Ես խոսում եմ հիվանդ հասարակության մասին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների մասին, և ակնկալվում էր նորմալ, լուրջ, պաշտոնական պատասխան, բոլորը մեղավոր էին բացի իշխող քաղաքական ուժից։ Գիտակցո՞ւմ եք, որ այս մշակույթով հասարակությունը ապագա չունի»,–ասաց նա։
Փաշինյանն էլ արձագանքեց. «Այո, քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն (նկատի ունի ՀՅԴ–ն–խմբ), և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։
Քանի դեռ այդպիսի կուսակցություն կա Հայաստանում, այո, այդ պրոբլեմը լինելու է, և մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը այն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն, որպես հանցավորության դեմ պայքարի, ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս»:











