Մենք չենք կարող նման զգայուն թեմայի հանդեպ չցուցաբերել հետևողականություն. սա վերաբերվում է մեր անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և մենք բոլորով այստեղ քաղաքական պատկանելիության խնդիրը պետք է դնենք մի կողմ։ Այս մասին այսօր՝ մարտի 12–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Շանթ դաշինքի» ղեկավար Շահեն Հարությունյանը։
Ակցիան կազմակերպել է «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ Նրանք Կառավարությանը կփոխանցեն հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։
«Պետք է այս հարցը միշտ բարձրաձայն պահել, որպեսզի մենք պատասխաններ ստանանք, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Ես ուզում եմ դիմել կառավարությունում եղած մարդկանց, որոնցից շատերին ճանաչում եմ ինքս և իշխանության տարբեր հատվածներում աշխատող մարդկանց և նշել, որ դուք գտնվում եք մի իշխանության քաղաքականության ներքո կամ վարում եք մի քաղաքականություն, որի հետևանքով դուք բոլորդ դառնալու եք մեր նորօրյա Պետրոս գետադարձներ ու Հովհաննես Սմբատները, որոնք հանուն իշխանության պահպանման վաճառեցին մեր թագավորությունը։ Խոսքը Բագրատունիների թագավորության մասին է, և կործանեցին մեր անկախ պետականությունը, մեր ժողովրդին դատապարտեցին շուրջ հազարամյա ծանր գերության և փորձությունների։
Մի դարձեք մեր նոր օրերի բոլշևիկները, որոնք տուրք տվեցին բոլշևիկյան կայսրության շահերին և կործանեցին մեր անկախ պետականությունը։
Դիմում եմ նաև հասարակությանը բոլոր շերտերին, այդ թվում մարդկանց, որոնք պատրաստվում են ձայն տալ ՔՊ–ին, մենք չպետք է լինենք անտարբեր այս հարցի վերաբերյալ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ «Միասնության թևեր»–ի ղեկավար Արման Թաթոյանն անձամբ չի մասնակցում ակցիային, Շահեն Հարությունյանը պատասխանեց. ««Մենք համատեղ թիմ ենք արդեն դարձած՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության շրջանակներում, և մենք մեր թիմով տարբեր ճյուղավորմամբ գնում ենք և մեր ձայնը բարձրաձայնում ենք։ Այսինքն անձերի հետ կապված խնդիր չկա։
Մենք այսօր տեսնում ենք, որ իշխանությունը խաղաղության անվան ներքո զիջում է մեր պետական սահմաններից, նաև մեր ինքնիշխանությունը»։
Շահեն Հարությունյանը տեղեկացրեց, որ որևէ պաշտոնյայի հանդիպելու պահանջ չունեն. «Մենք կհանձնենք մեր նամակը, որը մեր թիմակիցները արդեն մ,ի քանի օր առաջ հանձնել էին ՊՆ–ին։
Սա պայքարի հետևողականության մասին է, որ մենք մեր բարձրաձայնած խնդիրների մասին խոսում ենք, հետևողական ներկայացնում ենք և ներկայացնում ենք նաև փաստեր և չենք խուսափում փաստերի հետ կապված բանավեճից և պահանջում ենք պատասխաններ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ 2025–ի ամռանը Ադրբեջանի կողմից նոր ներխուժումներ են եղել ՀՀ տարածք և նոր դիրքեր են կառուցել՝ ներկայացնելով քարտեզներ։
ՊՆ–ն հերքել է այս տեղեկատվությունը։











