Մեր երկրում չկա այդպիսի մի քառակուսի մետր, որի համար արյուն թափված չլինի, ինչ-որ մեկի կյանքը զոհած չլինենք, ու նայում ես իշխանությունը խաղաղության անվան տակ կամաց-կամաց կտոր-կտոր մեր հայրենիքը զիջում է, վաղը մյուս օր այս զիջումների արդյունքում մենք ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ։ Այս մասին այսօր՝ մարտի 12–ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, 44–օրյա պատերազմի մասնակից Ավետիս Ավետիսյանը։

Ակցիան կազմակերպել է «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ Նրանք Կառավարությանը կփոխանցեն հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։

«Նրանք խաղաղություն են դնում անունը, բայց վաղը ստանալու ենք էլ ավելի մեծ պատերազմ՝ էլ ավելի մեծ ցավալի կորուստներով, ինչ որ ունեցել ենք 2020 թվականին, 2023 թվականին։ Թշնամին շատ լավ կարողանում է հաշվել իր քայլերը, նա տարիներով հաշվում է ու լինում է այն, ինչ որ լինում է։ Արցախում էլ տեսանք, որ 2020 թվականից հետո քանի անգամ բարձունքները գրավեցին և վերջում 2023 թվականի սեպտեմբերին արդեն տեղի ունեցավ Արցախի հայաթափումը։

Այս ամեն ինչը բերելու է էլ ավելի մեծ աղետաբեր հետևանքի, եթե մենք հիմա դրա դեմը չառնենք։ Վաղը 2020 թվականը մեզ թվալու է ավելի հեշտ բան, քան այն, ինչ սպասվում է մեզ»,–ասաց Ավետիսյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ խաղաղություն չի լինելու, քանի դեռ այս իշխանություններն են Հայաստանում իշխանության. «Խաղաղությունը Ադրբեջանն է այսօր թելադրում, այսօր իրեն պետք է, որ խաղաղության անվան տակ մեզ թմրեցնի, իր քայլերը անի, որպեսզի միանգամից շատ արագ հարցի լուծում ունենա։

Նրանք վերջնանպատակը այդ բարձունքները չեն, նրանց նպատակը Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին ոչնչացնելն է, քայլ-քայլ հետևողական մարդիկ այդ գործը անում են մեր իշխանության լռությամբ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ 2025–ի ամռանը Ադրբեջանի կողմից նոր ներխուժումներ են եղել ՀՀ տարածք և նոր դիրքեր են կառուցել՝ ներկայացնելով քարտեզներ։

ՊՆ–ն հերքել է այս տեղեկատվությունը։