Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես վերկենալ և գոռալ՝ «Слава КПСС»։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրահանգել է աշխատանքից ազատել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին, քանի որ վերջինս Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել ԱՄՆ փոխնախագահ ջեյ Դի Վենսին, իսկ դա չի արտահայտում երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը։

«Այսինքն Հայաստանում կա մի իշխող կուսակցություն, որտեղ հայեցակարգ են գրել, իրենց ժողովում հաստատել են, փաթեթավորել են, ու այդ գաղափարախոսությունից շեղվողները պիտի պատժվեն, մի մասը բանտերում պիտի լինի, աշխատանքից պիտի ազատվի, պիտի հայտարարվեն միջազգային հանցագործներ, ահաբեկիչներ, ԿԳԲ-ի ստրուկներ և պիտի ամեն կերպ մարգինալիզացվեն ու հետապնդվե՞ն։

Այս երկու օրում սա Փաշինյանի երևի չորրորդ կամ հինգերորդ նման սկանդալային հայտարարությունն էր։ Եկեղեցու դեմ բողոքում էր եվրոպական ամենաբարձր ամբիոնից, առանց դատարանի վճիռի հայտարարում էր, որ հանցագործներ կան պետության դեմ գործող։ Եկել է այստեղ, փաստորեն ասում է, որ Արցախի վերաբերյալ գիրք նվիրելը սպառնալիք է պարունակում Հայաստանի համար։ Կներեք, եթե որևէ մեկը տեսականորեն ցանկանա Ադրբեջանին հպատակ պետություն ստեղծել, այդտեղ ի՞նչ պիտի տարբեր լիներ քան Նիկոլ Փաշինյանի առաջարկածն է։ Այսինքն այն չորրորդ հանրապետություն, որ ասում են, արևմտյան Ադրբեջա՞նն է։ Էլ ո՞նց Փաշինյանը ապացուցի, որ իր համար հայկականը թշնամական է, որ հայկական շահերի դեմ է գործում։ Ինքը ամբողջ կյանքում մեղադրել է տարբեր ղեկավարներին իրենց հագով սահմանադրություն կարելու համար, հիմա ինքը սահմանադրություն է կարում Ալիևի հագով։

Այսօր էլ հայտարարել է, որ Անկախության հռչակագիրը պիտի հեռացնի Սահմանադրությունից, ինչը հայտարարում է նաև Ալիևը։ Այսինքն էլ ո՞նց այս մարդը ասի, որ իմ պատկանելիությունը այնտեղ է, ես ենթարկվում եմ այդ պահանջներին ու ամեն ինչ անելու եմ այնպես, ինչպես Ադրբեջանն է պահանջում»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։ Նա նկատեց, որ քանի որ Փաշինյանը կատարում է Ալիևի բոլոր պահանջները, ապա դա կվերաբերի նաև Ալիևի մյուս պահանջներին, որոնք վերաբերում են ՀՀ տարածքներին և ադրբեջանցիներին ՀՀ տարածքում բնակեցնելուն։

«Երկրորդը, համապետական ընտրություններում Փաշինյանին տված յուրաքանչյուր քվե, Փաշինյանը մեկնաբանելու է որպես քարտ բլանշ, կանաչ լույս, արտոնություն, այս ամեն ինչը իրականացնելու։ Հանցակցություն է դա դառնալու։ Ինքն ասելու է՝ ինձ քվե են տվել սա անելու համար։ Հիմա քանի՞ մարդ կա, որ սրա տակ ստորագրում է։

Թող մարդիկ լսեն Փաշինյանի հայտարարությունը ու պարզ հարց տան՝ մենք ստորագրու՞մ ենք այս ասածների տակ, թե չէ։ Այսինքն Ադրբեջանի ուզածով սահմանադրություն ենք փոխելո՞ւ, Ադրբեջանի պահանջով արգելելու ենք Արցախ բառը օգտագործե՞լ։

Լավ, հաջորդ պահանջները որո՞նք են, Թուրքիայի պահանջով արգելելու ենք ցեղասպանության հիշատակումը, հետո ասելու են՝ մեր տղա երեխաներին X անունով չանվանակոչենք»,–ասաց նա՝ հիշեցնելով, որ երբ Վաղարշապատում ՔՊ–ն հաղթեց, Նիկոլ Փաշինյանը դա ներկայացրեց որպես կանաչ լույս եկեղեցու վրա արշավի:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, որ երբ պատարագների ժամանակ հնչում է «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը, դա պատերազմի կոչ է, Քրիստինե Վարդանյանն ասաց. «Էլ ի՞նչն է պատերազմի հրձիգություն։ Ասենք բնաջնջե՞նք արցախցիներին։ Կարող է դա էլ Ադրբեջանը մի օր մեկնաբանի, որ պատերազմի սպառնալիք է։ Ցեղասպանության հուշահամալիր գնա՞նք բուլդոզերով քանդենք, կարող է Թուրքիան մի օր մեկնաբանի, որ դա պատերազմի սպառնալիք է։

Այս տրամաբանությամբ ո՞րը պատերազմի սպառնալիք չի լինելու, մեր շնչե՞լը, ապրե՞լը։ Փաստորեն Փաշինյանը հաստատում է, որ նպատակը դրված է ինքնության ոչնչացումը, եթե ինքնությունդ չես հիշում, խնդիր չունի Ադրբեջանը և Թուրքիան։ Եթե ինքնությունդ հանկարծ հիշես, Ադրբեջանը դա պատերազմի սպառնալիք է մեկնաբանելու։ Այդ ո՞նց եղավ, որ մեր ինքնությունը մենակ Փաշինյանի ղեկավարման օրոք դարձավ պատերազմի առիթ։

Հայաստանում իրականում իշխանությունը հիբրիդային պատերազմ է մղում ժողովրդի դեմ, ամեն միջոցով վախեցնելով, սարսափեցնելով, միայն թե գնան իրեն ընտրեն»։