Մենք ապրում ենք շատ հետաքրքիր ժամանակահատվածում, որտեղ գոյություն չունի միջազգային իրավունքը, մնացել է երկու իրավունք՝ ուժեղի իրավունք և թույլի իրավունք։ Այդ մասին այսօր՝ մարտի 21-ին, NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ արտգորնախարարի նախկին տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ եւ Իսրայելի հարձակումը Պանդորայի արկղ է, որը սկսեց բացվել Հարավսլավիայի ռմբակոությունից եւ շարունակվեց Լիբիայի առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի սպանությամբ։
«Կարծում եմ՝ թե՜ Իսրայելը, թե՜ Միացյալ Նահանգները ենթադրում էին որ Իրանի պատասխանը այդքան ուժգին չի լինելու, և Իրանը չի գնա այն քայլերին, այսինքն ծոցի փակմանը, նավթային և գազային ենթակառուցվածքային խփելը, բայց այդ ամեն ինչը տեղի ունեցավ, երբ որ սկսեցին ոչնչացնել քաղաքական գործիչներ։ Նախ ոչնչացվեց, սպանվեց առաջնորդը՝ Խամենեին, իր հետ միասին սպանվեցին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ, հատկապես պահապանների կորպուսից, և դա չի մարսվելու», - շեշտեց Սերգեյ Մանասարյանը։
Նրա խոսքով՝ դժվար է համեմատել Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական ներուժը Իրանի ներուժի հետ, բայց այն, ինչ որ Իրանը ունի և միգուցե այն, ինչ որ առ այսօր դեռ չի օգտագործել, բավական է, որ հասցնի սարսափելի վնաս և մտցնի միջազգային տնտեսությունը ճգնաժամի մեջ, որը արդեն իսկ սկսվել է։
«Միանշանակ մենք կանգնած ենք մի ժամանակահատվածի շեմին, երբ յուրաքանչյուր վատ զարգացում արդեն չի կարելի բացառել: Չմոռանանք միջուկային օբյեկտների մասին, որ առկա են թե՜ Իրանում, թե՜ Իսրայելում, էլ չեմ ասում, Միացյալ Նահանգներում», - նշեց դիվանագետը։











