Հարևանները NEWS.am–ին մանրամասներ են պատմել 2022 թվականին Երևանի Մամիկոնյանց 38/3 շենքից 20–ամյա աղջկա վայր ընկնելու և մահանալու դեպքից։
Հիշեցնենք, որ դեպքից հետո 4 տարի շարունակ վարկածն այն էր, որ աղջիկը երրորդ հարկի պատուհանից ցած է նետվել, ինքնասպանություն է գործել։ Սակայն բոլորովին վերջերս պարզվեց, որ աղջկան պատուհանից ցած են նետել ամուսինները, որոնք վարձով բնակվել են այս շենքի երրորդ հարկում։
Թեև տեղեկություն կար, որ 20–ամյա աղջիկը նրանց ազգականն է եղել, հարևանները NEWS.am–ի հետ զրույցում նշեցին, որ ամուսինների ազգականը չէ, այլ կնոջ ընկերուհին է եղել, ուսման նպատակով Վանաձորից եկել էր Երևան և բնակվում էր նրանց հետ այս շենքում։
Բնակիչները ևս համացանցից են տեղեկացել այս նոր հանգամանքների մասին, որ ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ ամուսիններն են ցած նետել պատուհանից և նշում են, որ շոկի մեջ են, ուշքի չեն գալիս այդ լուրը լսելուց հետո։
Շենքի բակում հարևաններից մեկը ցույց տվեց այն վայրը, որտեղ ընկած է եղել աղջիկը. ««Ահա այն երրորդ հարկի պատուհանից ասացին, որ նետվել է ցած։ Ոստիկանությունը դեղին ժապավենով կապել էր, չէր թողնում ոչ մեկին մոտենալ, ձմեռ էր, չեմ կարող ասել որ ամիսն էր։ Ասեցին՝ երրորդ հարկից է ընկել, Իրենք վարձով էին մնում, ամուսինները և ինքը։ Ասում էին, որ կնոջ ընկերուհին է, ես իրենց տեսել եմ ներս ու դուրս անելիս։ Համացանցում կարդացի, որ ամուսիններն են նետել ցած, մնացել եմ ապշած, ո՞նց կարելի է այդպես դաժան հանցագործություն գործել և ազատ քայլել։
Դեպքից հետո 1-2 ամիս մնացին ամուսինները, հետո ուրիշ տնվոր եկավ, տանտերը իրենց հանեց։
Ոնց կարելի է այդպիսի շատ ծանր հանցանք գործել և մնալ ազատության մեջ այսքան տարի, ինչու՞ չեն շատ շուտ այդ ամեն ինչը արել»,–ասաց հարևաններից մեկը։
Մեկ այլ հարևան էլ ասաց. «Տան եմ եղել, առանձնապես ոչ մի բանի ականատես չեմ եղել, միայն տեսանք, որ աղջիկը պատուհանից նետվել էր։ Վարձով էին բնակվում, ամուսիններ էին և ինչքան գիտենք աղջկա ընկերուհին էր։ Ես առանձնապես չեմ շփվել իրենց հետ, մի անգամ այդ աղջկա հետ եմ խոսել, վերելակով բարձրանում էինք միասին, ասաց՝ կնոջ ընկերուհին է։ Մենք էլ ենք երեկ իմացել, որ սպանություն է, ոչ թե ինքնասպանություն։
Այդ ժամանակ մենք տեսանք, որ ամուսինը գրկած տանում էր մեքենան, որ երևի հիվանդանոց տանի։ Շատ ցավալի է, ահավոր է իրականում։ Խոսքեր չկան»։
Նշենք, որ սպանությունը կատարելու կասկածանքով դատարանի որոշմամբ կալանավորվել է փաստաբանների պալատի փաստաբան Արամ Թումանյանը, իսկ նրա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում մարտի 24-ին նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։











