«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ակտիվիստներն ու Երեւան քաղաքի կանաչ տարածքներով անհանգստացած քաղաքացիներն այսօր` փետրվարի 20-ին, հավաքվել են Երեւանի քաղաքապետարանի առջեւ, իրենց բողոքը ներկայացնելու Մաշտոցի այգում շինարարության դեմ (ֆոտոռեպորտաժ):
Ակցիայի վայրից NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք վանկարկում են «Առանց բուտիկ այգիներ», «Տարոն իջիր» կարգախոսները: Հավաքվածների մոտ քաղաքապետի փոխարեն իջել է Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով փորձել է լսել ներկաների բողոքը: Բնապահպանները նրան են փոխանցել Մաշտոցի այգում շինարարության թույլտվության փաստաթղթերի վերաբերյալ իրենց առարկությունների փաթեթը, որպեսզի դա ներկայացվի քաղաքապետին:
Սերգեյ Մակարյանը շատ վրդովված էր այն փաստի առթիվ, թե ինչպես են հավաքվածները դիմում քաղաքապետին` համարելով, որ «Տարոն իջիր» արտահայտությունը վիրավորում է քաղաքապետի արժանապատվությունը եւ շատ հնարավոր է, որ դրանից հետո քաղաքապետը չիջնի: Մոտ 15-20 րոպե տեւած զրույցից հետո նա վերադարձել է քաղաքապետարանի շենք:
Քաղաքապետարանի աշխատակիցների փոխարեն ոստիկաններն են հորդորում հավաքվածներին հեռանալ այդտեղից, ասելով, որ օրինախախտումների վերաբերյալ իրենց ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրելու համար ժամանակ է պետք եւ այսօր դժվար թե պատասխան ստացվի:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ քաղաքապետարանի ներկայացրած փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ այդտեղ խայտառակ օրինախախտումներ կան: Մասնավորապես, խոսքը Երեւանի գլխավոր հատակագծի խախտումների մասին է: Առհասարակ, ուսումնասիրելով փաստաթղթերը, բնապահպանները եկել են այն համոզման, որ որեւէ օրենքով հնարավոր չէր Մաշտոցի պուրակում շինարարության թույլտվություն տալ: Այս կարծիքին են նաեւ 20 ճարտարապետներ:
Նախաձեռնության անդամներ փաստաթղթերն ուսումնասիրելով հանգել են եզրակացության, որ քաղաքապետը կրպակները տեղափոխելով Աբովյան փողոցից, բավականին հապճեպ որոշում է կայացրել դրանք բերել Մաշտոցի պուրակ, առանց ուսումնասիրելու իրական վիճակը:
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը շատ վրդովված էր, որ քաղաքապետին դիմել են «Տարոն»:
Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, թե Մաշտոցի պուրակում տեղի ունեցողն իրավախախտում է, նա բացասական պատասխան տվեց, նշելով. «Եթե կիսեի այդ կարծիքը, կլինեի ձեր կողքին»:
Նշենք, որ ակցիայի ընթացքում Տարոն Մարգարյանն այդպես էլ չիջավ եւ չհանդիպեց բնապահպան ակտիվիստների հետ: Վերջիններս որոշեցին վերադառնալ Մաշտոցի պուրակ եւ շարունակել բողոքի ակցիան:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի











