«18 արդարների» գործով դատական նիստն սկսվել է ապացույցների թույլատրելիության շուրջ վեճով։ Խնդիրն այն է, որ մեղադրող կողմը դատարան է ներկայացել բազմաթիվ «ապացույցներով», այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններով, որոնք հիմնավորված չեն որևէ փորձագիտական եզրակացությամբ։
Պաշտպանական կողմը նախկինում ևս բազմիցս բարձրացրել է այս հարցը, սակայն ապացույցների հետազոտման փուլում այն էլ ավելի արդիական է դարձել։ Պաշտպանությունը պահանջել է լուծել ապացույցների թույլատրելիության հարցը և անել դա նախքան դրանց հետազոտումը, այլ ոչ թե հետո, քանի որ դա ուղղակիորեն պահանջում է օրենսդրությունը։ Տպավորություն է, թե դատարանը ցանկանում է հնարավորինս շուտ ավարտել գործընթացը. մենք նույնպես ցանկանում ենք, բայց ոչ անօրինականության հաշվին։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը պնդել է, որ մեկը մյուսին չի խանգարում, և որ մեղադրանքի կողմը պետք է աշխատի ներկայացված ապացույցները հիմնավորելու ուղղությամբ։
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը իրավիճակը համեմատել է հինգերորդ հարկից տուն կառուցելու հետ՝ առանց հիմքը դնելու։ Գալստանյանը հավելել է, որ ինքը չկա այդ ձայնագրություններում։
Նա վերստին մատնանշել է բարձրաստիճան պաշտոնյաների այն բազմաթիվ հայտարարությունները, որոնցով վերջիններս «մեղադրում էին» Գալստանյանին ու գործով անցնող մյուս անձանց՝ առանց փորձաքննությամբ հաստատված որևէ ապացույցի։
Դատարան է ներկայացվել նաև միջնորդություն՝ օպերատիվ ճանապարհով ստացված ձայնագրությունների ամբողջական ծավալը պաշտպանական կողմին տրամադրելու վերաբերյալ։ Միջնորդությունը կքննարկվի մեկ այլ փուլում։
Տեղաշարժերի հետ կապված մի քանի միջնորդություններ են ներկայացվել։ Սրանով նախնական լսումներն ավարտվեցին։ Հաջորդ նիստը տեղի կունենա մեկ շաբաթից։
Բագրատ Սրբազանը դատարանի ուշադրությունը հրավիրեց պարբերաբար կրկնվող տեքստի նույնականության վրա, ինչին ի պատասխան դատավոր Ֆարխոյանը նշեց, որ դա դատախազի գործն է։
Նիստի երկրորդ կեսին դատարանը բավարարեց Վահագն Չախալյանի միջնորդությունը՝ ապրիլի 14-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հետազոտություն անցնելու վերաբերյալ։
Այնուհետև դատախազը ներկայացրեց մեղադրանքի էությունը, որը հանգում է հետևյալին՝ իշխանության զավթման նպատակով ահաբեկչության նախապատրաստում, որը պետք է իրականացվեր նյութական վնաս հասցնելու, մարդկային զոհերի և բնակչությանն ահաբեկելու միջոցով։ Դատախազի փոխանցմամբ՝ մտադրությունն իրականություն չի դարձել ԱԱԾ գործողությունների շնորհիվ։ Ինչպես և սպասվում էր, մասնակիցների գործողությունների նկարագրությունները գրեթե չէին տարբերվում միմյանցից։ Հիշեցնենք, որ մեղադրող կողմը նույնիսկ գործի նյութերում չէր բարեհաճել առանձին-առանձին ներկայացնել յուրաքանչյուր մասնակցի գործողությունները. այս խնդրի վրա պաշտպանական կողմն ուշադրություն էր հրավիրել դեռևս նախորդ փուլում։ Փաստաբաններն այն ժամանակ արդեն ասում էին՝ եթե մեղադրանքն ընդհանրական բնույթ է կրում, ուրեմն պատիժն էլ պետք է մեկը լինի բոլորի համար։ Դատախազի միապաղաղ ելույթը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր դահլիճի վրդովված վանկարկումներով։ Չնայած մեղադրանքների նմանությանը՝ հոդվածներն այնուամենայնիվ տարբեր էին։
Արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց տեքստի նույնական կրկնությունների վրա, ինչին ի պատասխան դատավոր Ֆարխոյանը նշես , թե դա դատախազի գործն է։ «Ժամանակն անցնում է»,- հիշեցրեց Սրբազանը։ Դատախազը շարունակեց ընթերցել։
Ընդհանուր առմամբ՝ կատարվածն արդարադատության բացահայտ ծաղրի էր նման։
Իրավիճակն էլ ավելի աբսուրդային դարձավ, երբ դահլիճում սկսեցին երգել՝ փորձելով այդպես խլացնել դատախազի ձայնը։
Երկրորդ տեխնիկական ընդմիջումից հետո նիստը շարունակվեց նույն ոգով։
Արքեպիսկոպոս Գալստանյանը դատարանին կոչ արեց վերջ տալ այս թատրոնին և խնդրել դատախազին՝ պարզապես թվարկել անունները։ «Դահլիճում ոչ ոք չի լսում։ Կարծում եմ՝ Դուք նույնպես»,- նշեց Բագրատ Գալստանյանը։
Դատախազը ևս մի քանի անգամ կրկնեց արդեն հայտնի տեքստը, ինչից հետո անսպասելիորեն դիմեց դատարանին՝ նիստը հետաձգելու խնդրանքով։ Նա պատճառաբանեց, թե աշխատանքային օրվա ավարտը մոտ է, և մեղադրող կողմը չի հասցնի դատարանին ծանոթացնել այդ «արժեքավոր» փաստաթղթին։ Որոշակիորեն զարմացած դատարանը չհամաձայնեց առաջարկին և կարգադրեց շարունակել նիստը մինչև աշխատանքային օրվա ավարտը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ ժամը 15:30-ին:











