Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելությունը քաղաքական միջամտության գործիք է, այլ ոչ թե իրական օգնություն։

Նրա խոսքով՝ անօրինական ֆինանսական հոսքերի, կիբեռհարձակումների եւ տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարի պատրվակով ԵՄ-ը ձգտում է լծակներ ձեռք բերել Հայաստանի նախարարությունների եւ պետական ​​հաստատությունների, այդ թվում՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։ «Առաքելությունը, որը խոսքով մտադիր է պայքարել ինքնիշխան պետության գործերին միջամտության դեմ, ինքնին նման միջամտության գործիք է»,- ընդգծել է Զախարովան։

Դիվանագետը նաեւ զուգահեռ է անցկացրել Մոլդովայում ԵՄ նմանատիպ առաքելության հետ՝ կասկածի տակ դնելով դրա իրական օգուտը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։ Զախարովայի կարծիքով՝ Հարավային Կովկասում ԵՄ ներկայության ընդլայնումը հակասում է տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքին եւ սպառնալիք է ներկայացնում կայունության համար։ Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը թույլ չի տա, որ առաքելությունն օգտագործվի երկրի ներքին գործերին միջամտելու համար։