«Արաբկիր» բարեգործական ուսումնական կենտրոնի սաների թիվն արդեն անցել է 1,600-ը: Կենտրոնում գործում են 30 անգլերենի եւ 22 համակարգչային խմբակներ: Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացրին հիմնադրամի մամուլի ծառայությունից, հիմնադրամում ուսանողների տարիքային սահմանափակման բացակայությունը մեծ աշխուժություն է առաջացրել, արդյունքում կենտրոնում սովորում է նաեւ 75-ամյա Սիլվա Չիրքանյանը։ Մասնագիտությամբ ֆիզիկոս 75-ամյա տատիկը բազում տարիներ աշխատել է որպես ավագ մասնագետ Հայաստանի եւ Ռուսաստանի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում: 1992 թ. անցել է թոշակի:
«Արաբկիր» ուսումնական կենտրոնում տիկին Սիլվան սովորում է օգտվել համակարգչից։ «Ես ուղղակի ցանկանում եմ ամեն ինչ իմանալ: Թեեւ տեխնիկական կրթություն ունեմ, այնումենայնիվ ծանոթ չեմ ժամանակից համակարգիչներին, եւ ինչ-որ չափով իմ գիտելիքները թերի են: Ուստի եւ ակնկալում եմ շտկել այս ամենը»,- ասել է նա:
Տիկինը ունի մի շարք բարեկամներ արտերկրում, ում հետ մտադիր է շփվել սոցիալական կայքերի միջոցով, երբ տիրապետի համակարգչին: «Արաբկիր» ուսումնական կենտրոնի բացումն, ըստ տիկին Սիլվայի, նոր շունչ է հաղորդել նրա ողջ առօրյաին:
Հիշեցնենք, որ կենտրոնը բացվել է Արտակ Սարգսյանի նախաձեռնությամբ այս տարի հունվարին: Բարձր որակավորում ունեցող մասնագետներն անվճար դասավանդում են անգելերեն լեզու եւ համակարգչային գիտելիքներ՝ արդի մեթոդներով եւ սարքավորմամբ:
Համայնքում ուսումնական կենտրոնի հիմնադրումը մեծ գնահատանքի է արժանացել բնակիչների կողմից։ Արաբկիրում աշխատանքային այցեր կատարող Արտակ Սարգսյանի հետ հանդիպմանը բնակիչներն իրենց գոհունակությունն են արտահայտում նաեւ ուսումնական խնդրի կապակցությամբ։













