Հայաստանի ոստիկանությունը պատասխանել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին` մեղադրելով պետական ինստիտուտների հանդեպ կանխակալ վերաբերմունքի մեջ:

«Ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության կազմակերպած՝ ԱԺ ընտրությունների գործընթացներին նվիրված կլոր սեղանի վերաբերյալ եւ խեղաթյուրել փաստերը:

Մասնավորապես նշվում է, որ ՀԱԿ-ի պատվիրակ Տիգրան Սեդրակյանին թույլ չի տրվել հրապարակել Կոնգրեսի հատուկ հայտարարությունը ՀՀ ոստիկանության գործունեության մասին. իբր միջոցառման կազմակերպիչները քննարկումը վաղաժամ փակված են հայտարարել՝ կուսակցությունների ներկայացուցիչներին զրկելով ելույթ ունենալու հնարավորությունից:

Այս մեղադրանքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՀԱԿ-ի պատվիրակը, ինչպես եւ մյուս մասնակիցները, մի քանի անգամ ելույթ է ունեցել, ընդ որում՝ նաեւ հայտարարության մեջ նշված հարցադրումների առնչությամբ:

Ինչ վերաբերում է քննարկումը վաղաժամ փակելուն, ապա հայտարարության հեղինակներն, ըստ երեւույթին ենթադրել են, որ ԶԼՄ ներկայացուցիչները շուտ են դուրս եկել եւ, այսպես ասած, վկաներ չեն մնացել: Սակայն դահլիճում տեսախցիկն աշխատել է մինչեւ վերջ եւ անկողմնակալ արձանագրել «կլոր սեղանի» ամփոփման իրական պատկերը:

Կոնգրեսականների կեցվածքը հատկապես զարմանք է հարուցում այդ խնդրով ոչ պակաս մտահոգ մյուս կուսակցությունների ֆոնին, որոնց ներկայացուցիչները քննարկման ընթացքում ոչ հարցադրումներ անելու, ոչ տեսակետ հայտնելու խնդիր այդպես էլ չունեցան: Չի ունեցել նաեւ ՀԱԿ-ի պատվիրակը, պարզապես հերթական անգամ հնչեցվեցին անփաստարկ մեղադրանքներ, որոնք իրականում արժանի չեն ոչ վիճարկման ոչ էլ հերքման, սակայն պարզաբանել պետք է՝ հանրությանն ապատեղեկատվությունից պաշտպանելու անհրաժեշտությամբ:

ՀԱԿ-ը ոստիկանությանը մեղադրում հանրահավաքների օրերին Երեւան տանող ճանապարհները արգելափակելու համար, երբ իրականում հրաշալի գիտեն, որ չկա այդպիսի բան, հակառակ դեպքում գոնե մեկ արձանագրված տեսափաստ կունենային, որը չէին հապաղի շրջանառության մեջ դնել:

Ոստիկանությունը մեղադրվում է հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներին զանգվածաբար հաշվառման վերցնելու համար: Ոստիկանությունը բազմիցս պաշտոնապես պարզաբանել է, որ հաշվառման վերցնելը սեփականատիրոջ իրավունքն է՝ ամրագրված օրենքով:

Ինչ վերաբերում է ոստիկանության իբր անգործությանը ընտրակաշառքի դեպքերը կանխելու եւ բացահայտելու գործում, ապա ՀԱԿ-ի նույն պատվիրակը «կլոր սեղանի» ընթացքում բարձրացրել է այդ հարցը եւ հիմնավոր պատասխաններ ստացել համապատասխան պաշտոնյաների կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը նաեւ նշել է. «ՀԱԿ-ի կանխակալ վերաբերմունքը պետական ինստիտուտների հանդեպ ակնհայտ է, եւ սույն «հայտարարությունն» իսկապես արժանի չէր լուրջ վերաբերմունքի ու  արձագանքի, բայց մենք իրոք մտահոգ ենք արդար ընտրությունների անցկացմամբ եւ ընդունում ենք ՀԱԿ-ի առաջարկները.

- ՀԱԿ-ի կենտրոնական ընտրական շտաբին կտրամադրվի ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության մեկ տարվա վիճակագրությունը՝ տրված անձնագրերի եւ հաշվառման վերցված քաղաքացիների թվի վերաբերյալ.

- մեկ հասցեում քաղաքացիների հաշվառման վերաբերյալ պարզաբանումներ արվել են եւ կարվեն՝ գործելով օրենքի եւ օրինականության շրջանակներում, ինչպես որ կշարունակեն վերացվել ընտրացուցակներում առկա անճշտությունները.

- ՀՀ տարածքում ընտրակաշառք բաժանելու դեպքերը բացահայտելու եւ բացառելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում եւ իրականացվելու են առանց որեւէ մեկի կոչի.

- ինչ վերաբերում է ընտրացուցակներից ՀՀ-ից մշտապես բացակայող քաղաքացիներին հանելու պահանջին, ապա ստիպված ենք կրկին պարզաբանել,

որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում:

ՀՀ ոստիկանությունը կատարելու է իր առաքելությունը նախընտրական շրջանում եւ ԱԺ ընտրությունների ժամանակ եւ ակնկալում է ողջ հասարակության, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների աջակցությունը: Նաեւ ՀԱԿ-ի աջակցությունը, եթե կոնգրեսականների մտահոգությունն իսկապես ազնիվ է եւ կարտահայտվի ոչ թե այսպիսի անփաստարկ «հայտարարություններով», այլ համատեղ աշխատանքի իրական ցանկությամբ ու գործով:

Տեսանյութը` Հայաստանի ոստիկանության