«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի՝ այսօր՝ ապրիլի 14-ին, դավթաշենցիների հետ հանդիպման ժամանակ ավտովթար է տեղի ունեցել։ ՕԵԿ ղեկավարի ելույթի ժամանակ հարակից նեղ փողոցում, որտեղ կանգնած էին ՕԵԿ-ականների եւ այլոց մեքենաները, երկու մեքենա բախվեցին իրար, վարորդները սկսեցին վիճել, մի փոքր աղմուկ բարձրացավ եւ նույնիսկ Արթուր Բաղդասարյանը մի պահ հայացքը սեւեռեց ավտովթարի վրա, այնուհետեւ նրա նրա մարդկանցից մեկը գնաց եւ հարթեց իրավիճակը։ Բարեբախտավբար, զոհեր եւ վիրավորներ չեղան, ընդամենը մեքենաներն էին հարվածել իրար։

Այնուհանդերձ, Արթուր Բաղդասարյանը դավթաշենցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ իրենց նախընտրական ծրագրին՝ շեշտելով, որ ՕԵԿ մասնակցում է ընտրություններին մրցունակ ծրագրով։

«Մենք 5000 դրամ չենք առաջարկում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը, որի ղեկավարած կուսակցությունը։ Նրա խոսքով՝ իրենք մի շարք ոլորտների հետ կապված առաջարկներ ունեն, որոնք կշտկեն իրավիճակը եւ իրենց ձայն տվողը քվեարկում է ավանդների վերադարձի համար պայքարի օգտին։ «Մեր առավելությունն այն է, որ մենք օդի մեջ չենք խոսում, այլ կոնկրետ լուծումներ ենք առաջարկում»,- ասաց նա։

Ամփոփելով իր ելույթը՝ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց քվեարկել «սրտանց, ջիգյարով, խղճի եւ հոգու մտոք, ոչ թե ընտրակաշառքով, 5000 դրամով»։

ՕԵԿ ղեկավարը հավաքված դավթաշենցիներին կոչ արեց քվեարկել իրենց ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական Արթուր Գեւորգյանի օգտին՝ որպես «դաշնակից կուսակցության անդամ»։