Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունը չի կարող իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություն, որովհետեւ այդ դեպքում ջախջախիչ պարտություն կկրի: Այս մասին, այսօր` ապրիլի 16-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, իրենք կարողանալու են հասնել Հայաստանում սահմանադրական իրականության հաստատմանը:

«Լֆիկի» (նկատի ունի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին-խմբ) սեփականացրած տարածքում ես իմ հաղթելու շանսերը շատ բարձր եմ գնահատում»,- հայտարարել է Փաշինյանը:

«Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձը հանդուրժողականությունն է, ինչո՞ւ այս կոչերը արդյունք չեն տալիս: Որեւէ մեկի նկատմամբ չունեմ թշնամություն, բայց ես արձանագրում եմ, որ Ս. Սարգսյանը հանդուրժողականություն ասելով նկատի ունի, որ ՀՀ քաղաքացիներս հանդուրժողական մթնոլորտում երկիրը զիջենք Լֆիկներին: Մենք թույլ չեն տա, որ Սերժը Հայաստանը վերածի լֆիկանեմեցական Օսվենցիմի»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանն ասել է, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, ՀԱԿ անդամը պատասխանել է. «Մտածում եմ, որ ուզում է հանի իր թեկնածությունը ու հիմա հող է պատրաստում, որ ասի` Նիկոլն ախպերս ա: Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել իր ախպերը, այդպիսիք կարող են լինել Բուռնաշը, Նեմեցը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի