Հրդեհները Լոռիի մարզում գնալով մեծ թափ են առնում. անխնա այրվում են մարզի անտառածածկ ու չոր խոտածածկ տարածքները, իսկ հրկիզողները շարունակում են անպատիժ մնալ, դժգոհում են լոռեցիները: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում մարզի դատախազ Կարեն Շահբազյանը եւս համաձայնեց, որ հարցը հրատապ ու անհանգստացնող է, շատացել են անտառային հրդեհները: «Ավելի շատ խոտածածկ տարածքներում են դրանք, բայց կան դեպքեր, որ վնասում են անտառը: Թումանյանի տարածաշրջանում բավականին մեծ չափի վնասի հասցնելու դեպք կար, միլիոնների վնասի հետ կապված, անձն արդեն ձերբակալվել է, հետո պայմանականորեն բաց է թողնվել»,-ասաց նա, հավելելով, որ ավելի շատ պետք է բացատրական աշխատանքներ կատարվեն, որ մարդիկ իմանան, որ խոտ այրելը բերքի լավ լինելու հետ կապ չունի, այլ միայն վնաս է պատճառում բուսականությանը: Խոսելով մարզում տեղի ունեցող անտառահատումներից, հրդեհներից ու երկուսի միջեւ եղած կապից, Կարեն Շահբազյանը նկատեց, որ անտառահատումների առումով մարզի ամենախոցելի տարածաշրջանը Գուգարքի անտառտնտեսությունն է, որտեղ գերխնդիրը անտառապահների ու անտառապետերի բացակայությունն է: «Փորձ արվել է աշխատանքի կանչել մարդկանց, բայց դեռ բավականին տեղեր թափուր են մնում, անտառն էլ` առանց հսկողության»,-ասաց նա:
Ըստ մարզի դատախազի, անտառների հատման թվի նվազում է արձանագրվել, ապօրինի անտառահատման դեպքերը այս տարի քչացել են, կա ձերբակալված մեկ մարդ, որն այժմ պատիժ է կրում: Կարեն Շահբազյանի խոսքով, նախորդ տարի մի դեպք է բացահայտվել, երբ Լոռիի մարզի Քարաբերդ համայնքում անտառը հրկիզել են, ապօրինի անտառհատման հետքերը վերացնելու համար:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











