Թեղուտ գյուղում, ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված, Թեղուտի բնակիչները հայտարարում են, որ գյուղացիներին ծեծի ենթարկած Vallex-ի անվտանգության աշխատակիցները ոչ միայն ծեծկռտուք են սարքել Թեղուտում, այլեւ Ալավերդիից «օգնության» են կանչել կարատեիստների, 20 հոգին` ընդդեմ 6 հոգու: Այս մասին նրանք նշում են տեսանյութում, որը NEWS.am-ին են տրամադրել Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները:
Արդյունքում երկու երիտասարդներ ստացել են վնասվածքներ եւ եւս մեկը ոտքի ծանր կոտրվածքներով հիվանդանոցում է: Հարուցվել է քրեական գործ: Երեկ Թեղուտում լարված վիճակ էր, գյուղացիները փակել էին հանք տանող ճանապարհը եւ թույլ չէին տալիս «Vallex ՓԲԸ» աշխատակիցներն մուտք գործել հանքի տարածք, մինչեւ որ մեղավորները կպատժվեն:
Հանքում ներկայումս աշխատող թեղուտցին ստանում է 60-80 հազար դրամ աշխատավարձ, իսկ 300-350 հազար դրամ աշխատավարձ կարող են ստանալ միայն կազմակերպության ծանոթ-բարեկամները: Թեղուտցի մի պապիկ ասաց.«Մենք մեր ապագան զոհել ենք, հանուն այսօրվա ներկայի, բայց այսօր էլ ինչպես տեսնում եք բարձր աշխատավարձով աշխատատեղերը թեղուտցուն չեն պատկանում»:
Տուժածի մայրը փաստում է. «Ասել են արագ եք քշել թոզ եք արել, թոզը մեզ խեղդում ա, երեկ անձրեւ չէր եկել, երեկ գայիք, կտեսնեիք: Ես էլ պատուհան չեմ բացում թոզի դարդից, կոկորդս խեղդվում ա, լվացք էլ չենք կարողանում փռել»:
Մնացած մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 17-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Լոռիի մարզի Թեղուտ գյուղում գյուղացիների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: «Էյ Սի Փի» ընկերության անվտանգության պետ Սամվել Դավթյանը եւս 4 աշխատակիցների հետ ծեծել են թեղուտցի 5 երիտասարդների, մամուլի հրապարակումների համաձայն միջադեպի պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը մեքենայով անցել է անվտանգության աշխատակիցներից մեկի կողքով ու փոշի բարձրացրել:
Հանքավայրը տնօրինող Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին: Ս. Դավթյանին փնտրում է ոստիկանությունը:











