«Օրինաց երկիր» կուսակցության այսօր՝ ապրիլի 29-ի շենգավիթցիների հետ հանդիպմանը ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին դիմավորել են աղուհացով:
Մինչ ՕԵԿ ղեկավարը կմոտենար բեմին, նրան մոտեցավ մի պապիկ, համբուրեց մի քանի անգամ ու ինչ-որ բաներ ասաց: Այնուհետեւ, պապիկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում բացահայտեց, թե ինչ էր շշնջացել Արթուր Բաղդասարյանի ականջին: Նա ՕԵԿ ղեկավարին ասել էր, որ մի քանի անգամ նրան է տվել իր ձայնը, շատ է հավանում նրան եւ մեծ հույսեր է կապում իր հետ:
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ այս վարչական շրջանը իր համար եւս հարազատ է, ծանոթ, եւ ՕԵԿ-ը Շենգավիթում պետք է տոնի իր հաղթանակը: Նա պատմեց, թե ինչպես ստեղծվեց կուսակցությունը եւ ներկայացրեց դրույթներ կուսակցության նախընտրական ծրագրից: Նրա խոսքով՝ ՕԵԿ-ին ընտրել նշանակում է բազմակողմանի փոփոխություններ բոլոր ոլորտներում: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿԸ, սկսելով ավանդների վերադարձը, մտադիր է այն շարունակել՝ առաջնահերթ վերադարձնելով թիրախ խմբերի, օրինակ՝ հաշմանդամների ավանդները:
Նա խոսեց նաեւ աշխատատեղերի, աշխատավարձերի հետ կապված խնդիրներից եւ բացատրեց, թե գները ինչի են բարձր, որովհետեւ «Երեւանի բոլոր խոշոր սուպերմարկետները պատկանում են հինգ հոգու, չկա մրցակցություն»: Նրանք առաջարկում են օրենքով սահմանափակել խոշոր սուպերմարկետների թիվը, որովհետեւ ամեն մի խոշոր սւոպերմարկետի բացվելով տասնյակ փոքր եւ միջին խանութներ են փակվում: «Մենք առաջարկում ենք մրցակցություն, որ մի հոգի չբերի շաքարը, որ բոլորը աշխատեն, արարեն»,- նշեց Արթուր Բաղդասարյանը
ՕԵԿ-ը առաջարկում է «աչքի լույսի պես պահել, պաշտպանել աշխատող մարդուն, եթե պետությունը դա չի կարող անել, ապա գոնե չխանգարի»:
Կուսակցությունը նաեւ առաջարկում է ստեղծել հնարավորություն դատապարտյալներին ցանկացած ժամանակ տեսակցելու, բյուրոկրատական քաշքշուկներից հնարավորինս ազատել մարդկանց, թեթեւ զանցանքներ կատարածներին միանգամից բանտ չտանել եւ այլն:
Շեշտելով կրթական եւ առողջապահության ոլորտում առկա կոռուպցիան՝ Արթւոր Բաղդասարյանը նշեց, որ դժվարին կացության մեջ գտնվող մարդիկ պետք է սովորեն անվճար, բուժօգնության համակարգը պետք է արմատապես փոխել, որպեսզի պետությունը ֆինանսավորի երկրում տարածված, մարդու կյանքին վտանգ սպառնացող հիվանդություննրի բուժումը, «ոչ թե փող տա, որ տանեն ատամը պլոմբեն, այլ անվճար կատարեն այն վիրահատությունը, որը եթե չանեն, մարդը կմահանա»:
Իր իսկ խոսքով՝ «քանի եղանակը դաշնակից է», Արթուր Բաղդասարյանը ամփոփեց իր ելույթը եւ հրաժեշտ տվեց շենգավիթցիներին՝ նրանց մաղթելով ամենայն բարիք, իսկ ՕԵԿ-ին՝ հաղթանակ: «Միացեք մեզ, որ մեր երկիրը տանենք առաջ, մեզ հաղթանակ, ձեզ ամենայն բարիք եմ մաղթում»,- եզրափակեց նա:
Ի դեպ, հանդիպման ավարտին NEWS.am-ի թղթակիցը նկատեց, թե ինչպես մասնակիցներին մի մասին մի քանի 1 համարի ավտոբուսներով տեղափոխում էին, հավանաբար նրանց բերել էին հանդիպմանը մասնակցելու համար, այլապես 1 համարի երթուղում Գարեգին Նժդեհի հրապարակը ներառված չէ:











