Խտրական և գնահատականներից զերծ քարոզչություն ապահովելու պարտականությունը վերաբերում է ոչ միայն Հանրային ֆինանսավորում ունեցող տեսալսողական կազմակերպություններին, այլև մուլտիպլեքսում սլոթ ունեցող ցանկացած կազմակերպության, այդ թվում մասնավորներին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
«Նորամուծությունը, որը ընդունվել է 2021–ին և փոփոխություններ արվել 2024–ին, վերաբերում է նաև համացանցում գովազդին, որտեղ դոմեյն հոստինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների վրա, այսինքն պայմանական X.am–ի վրա, դրված է պարտականություն՝ ապահովելու ոչ խտրական ու ոչ կողմնակալ պայմաններ, և դա նշանակում է, որ իրենք պետք է կնքեն գրավոր պայմանագրեր, նախընտրական հիմնադրամից ֆինանսավորվող պայմանագրեր, տվյալ կուսակցության ներկայացուցչի կամ թեկնածուի ներկայացուցչի հետ։ Այդ պայմանագրերն արտացոլվում են նախընտրական հիմնադրամում։
Այստեղ կարևոր է, որ լրատվամիջոցը ուշադրություն դարձնի, որ հանկարծ այնպես չլինի, որ ինչ-որ մեկին տա պայմանական 100 դրամով, մյուսին 5000 դրամով։ Սա շատ կարևոր է, որովհետև նախընտրական քարոզչության կարգավորիչ նորմը սկսել է տարածվել նաև համացանցային լրատվամիջոցների վրա։
Եթե գրված է օրենքում՝ ոչ խտրական և ոչ կողմնակալ, դա վերաբերում է բոլոր պայմաններին, այսինքն չես կարող ասել՝ չէ, քեզ չեմ տալիս կամ այս գնով եմ տալիս։ Բնականաբար, մասնավոր կազմակերպությունների համար ազատությունն ավելի մեծ է, քան հանրայինի համար, բայց այո այս փոփոխությունը կատարված է, և սա պետք է նկատի ունենան զանգվածային լրատվության միջոցները»,– հայտարարեց Արփինե Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ օրենքում կարգավորիչ նորմ կա նաև լրագրողական հարցումների մասով, որ ԶԼՄ-ն, որը լրագրողական հարցում է դնում, անպայման պիտի ասի՝ որտեղ է կատարել, որ շրջանում է կատարել, ի՞նչ ընտրանքով է կատարել, հարցվողների քանակն ինչքան է եղել։
Հարցին՝ իրավապահ մարմինների կողմից գաղտնալսումների հրապարակումները կարո՞ղ են քարոզարշավի ընթացքում դիտարկվել որպես իշխանական լծակների չարաշահում կոնկրետ ուժի դեմ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե ֆորմալ տեսանկյունից ենք նայում, զուտ իրավական տեսանկյունից իրենք իրականացնում են սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունները։
Իհարկե, կարելի է քաղաքական տարբեր գնահատականներ տալ, բայց դրան իրավական շապիկ հագցնել ու ասել, այ սա հակաքարոզչություն է կամ հակառակը, ոչ, այդպես չէ։ Իրենք իրենց պարտականություններն են իրականացնում կամ գոնե պիտի իրականացնեն։
Այստեղ ուրիշ բան է հետաքրքրական. այդտեղ կարևոր է այն դրույթը, որն ասում է՝ եթե դրանք կրում են շարունակական բնույթ և կարող են ունենալ էական ազդեցություն, կամ, եթե խախտումները հնարավոր չի վերացնել և կարող են ունենալ էական ազդեցություն, այս դեպքերում գնում է կուսակցության կամ թեկնածուի կամ դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հարց, որը ԿԸՀ-ն պիտի դիմի»,–ասաց ԱԺ նախկին փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում











