«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցող քաղաքացիները մայիսի 20-ին հավաքվել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ և շնորհավորել նրա 55-ամյակը։

Ակցիայի մասնակիցները, ձեռքներին պաստառներ պահած, վանկարկել են՝ «Լույսը հաղթելու է խավարին»։ Նրանք տորթ և շնորհավորական նամակներ են փոխանցել Սրբազանին։

Հավաքին միացել են նաև «Սրբազան պայքարի» գործերով անցնող անձանց փաստաբանները, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը և այլ ընդդիմադիր գործիչներ։

Ակցիայի մասնակիցները վառել են տորթի մոմերն ու երգել «Տարեդարձ է այսօր»։ Այնուհետև նրանք կտրել են տորթն ու բաժանել ներկաներին։ Գեղամ Մանուկյանը խոստացել է նամակները փոխանցել Բագրատ Գալստանյանին։

Ակցիայի մասնակիցներն անդրադարձել են նաև երկրում ընթացող քարոզարշավին։ ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի համոզմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական գործընթաց չեն, այլ Հայաստանի՝ որպես պետություն գոյության հարցը։ «Նիկոլ Փաշինյանը որոշակի մարդկանց խոստացել է, որ Հայաստան չի լինելու, և նա ամեն ինչ կանի այդ խոստումը պահելու համար։ Մենք չպետք է թույլ տանք, որ այդ խոստումն իրականություն դառնա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մամիջանյանը։ Քաղաքական գործիչը վստահ է՝ իրադարձությունների նման զարգացումը կանխելու միակ միջոցը գալիք խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է. բավական է միայն ձայն տալ առաջադրված ընդդիմադիր ուժերից որևէ մեկին։ «Չմասնակցելով ընտրություններին՝ դու այս կամ այն չափով նպաստում ես Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Պետք է գնալ, որ նրանք գնան»,- ընդգծել է Մամիջանյանը։

Գեղամ Մանուկյանն իր հերթին կարծում է, որ Հայաստանի գործող իշխանությունները խուճապի մեջ են։ Նա կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը որակել է որպես «շիզոֆրենիա»։ «Այս ամենը նողկանք է առաջացնում, քանի որ գործող իշխանությունն ուղղակի ի վիճակի չէ որևէ բովանդակային հարց բարձրացնել ու հնչեցնել։ Նրանց մոտ շիզոֆրենիա է զարգացել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ հողը փախչում է իրենց ոտքերի տակից»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։