Վերջին տարիներին Հայաստանն աշխարհաքաղաքական առումով ծայրամասից տեղափոխվել է կենտրոն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչների հետ հանդիպմանը։

Ըստ նրա, սրա ևս մեկ հաստատումը TRIPP նախագծի իրականացումն է։ «Այժմ պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել, որը կընդգրկի արդեն հրապարակված շրջանակը։ Բոլոր սկզբունքները հրապարակված են։ Երկաթուղին անցնելու է Մեղրիով՝ Մեղրիից Նախիջևան, Նախիջևանից Երասխ, Երասխից Գյումրի, Ախուրիկով դեպի Թուրքիա։ Շատ կարևոր է նաև, որ նախագծի իրականացման արդյունքում կբացվի Իրան-Հայաստան երկաթուղին։ Այսինքն՝ Պարսից ծոցից երկաթուղային ճանապարհ կունենանք մինչև Սև ծով՝ Բաթումի, Փոթի, Անակլիա։ Սա շատ կարևոր է, քանի որ մեր երկրի տնտեսական վիճակը 100 տոկոսով կփոխվի»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է․ երբ ներկայացվեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հարց առաջացավ, թե որքանով է այն իրատեսական։ «Այսօր այն իրականություն է դառնում։ Հայաստանը պատերազմի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի։ Սեղանին հենց այս նախագիծն է։ Եվ սա կարող է իրականացվել բացառապես քաղաքացիների աջակցությամբ»,- հայտարարել է Փաշինյանը։