Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի, և այդ գործընթացի արդյունքը պետք է լինի Հայաստանի Հանրապետության տարածքի ամրագրումը՝ 29 743 քառ. կմ սահմաններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ նա պարզաբանել է, որ դիտավորյալ չի նշում Ադրբեջանի տարածքի չափը, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, հարևան երկիրն ունի տարածաշրջանային առանձնահատկություններ։ Նա նշել էմ որ տարածքի մակերեսը փոխվում է՝ կախված Կասպից ծովի մակարդակից։
Ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, սահմանազատման հիմնարար սկզբունքը նախկին ԽՍՀՄ սահմաններն են և Ալմա-Աթայի հռչակագիրը, սակայն այն դեպքում, եթե սահմանի խիստ գիծը անհարմարություններ է ստեղծում մարդկանց կյանքի համար, հնարավոր է շտկել այն՝ օպտիմալացման շրջանակներում։
Վարչապետը պարզաբանել է, որ գոյություն ունեն խնդրահարույց հատվածներ, այդ թվում՝ տարածքների փոխադարձ «ներխուժումներ», որոնք համաձայնեցված լուծումներ են պահանջում։
Նա ընդգծել է, որ իրավիճակի հետագա զարգացման համար հնարավոր է երկու մոտեցում. կամ կողմերը առաջնորդվում են առճակատման տրամաբանությամբ և թույլ են տալիս ապագայում նոր ճգնաժամերի առաջացում, կամ ընդունում են որոշում՝ վերջնականապես փակել պատմական վեճերը և սահմանը կառուցել այնպես, որ այն լարվածության համար նոր հիմքեր չստեղծի։
«Իմ ընկալումն այն է, որ գործընթացը ընթանում է երկրորդ ուղիով», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ կողմերը պետք է բանակցություններ վարեն սահմանի վերջնական ամրագրման նպատակով և հիմնվեն երկարաժամկետ կայունության ապահովման և նոր հակամարտությունների բացառման անհրաժեշտության վրա։
Տարածքների հնարավոր փոխանակման վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Փաշինյանը հստակեցրել է, որ այդ առնչությամբ վերջնական պայմանավորվածություններ դեռևս չկան, սակայն հարցը դիտարկվում է նաև այդ տեսանկյունից։
Ըստ նրա՝ խոսքը այնպիսի լուծումներ գտնելու մասին է, որոնք թույլ կտան խուսափել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար խնդիրներ ստեղծելուց։ Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանում և Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում խաղաղությունը ընկալել որպես ապագայի իրական և կայուն հիմք։
«Որքան շատ մարդ է հավատում խաղաղությանը, այնքան ավելի մեծ են այն ամրապնդելու հնարավորությունները», - ընդգծել է նա։
Փաշինյանը հայտարարել է, որ առանցքային խնդիրներից մեկը ապագա սերունդներին չլուծված հարցեր չթողնելն է։ Նա ընդգծել է, որ նման գործընթացների ձգձգումը ռիսկեր է ստեղծում։
«Ամենավատ բանը, որ կարելի է անել՝ հետաձգելն է ու ասել, դե «տեսնենք՝ ինչ կլինի Նոր տարուց հետո», «տեսնենք՝ հետո ինչ կլինի»։ Իսկ հետո մեր երեխաները կմեծանան և կասեն՝ մեր հայրերն ու պապերը մեր մասին մտածո՞ւմ էին, թե՞ ոչ»,- նշել է նա։
Այս համատեքստում Փաշինյանը հերթական անգամ փորձել է արդարացնել իր որոշումն ու հայտարարությունը, թե Հայաստանը չպետք է շարունակի Ղարաբաղյան շարժումը։
Ըստ նրա՝ այդ որոշումը կապված էր շարժման պահպանման տրամաբանության շրջանակներում արդյունքի հասնելու անհնարինության գիտակցման հետ։ Նա նշել է, որ տասնամյակներ շարունակ հակամարտության շարունակումը կբերեր միայն երկրի հետագա թուլացմանը՝ առանց այդ ընթացքում հիմնական հարցը լուծելու։
«Եվս 10, 20, 30 տարի՝ Հայաստանի արյունաքամ լինելը միևնույն է, հարցը չէր լուծելու», - վստահ է վարչապետը։ Փաշինյանը քննադատության է ենթարկել նաև կարգավորման նախկին մոտեցումները՝ նշելով, որ տասնամյակների ընթացքում լուծման ոչ մի կայուն տարբերակ չի իրականացվել։
Նա հիշեցրել է, որ քննարկվել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ Արցախը Մեղրիի հետ փոխանակելու տարբերակը։ Այս համատեքստում նա հայտարարել է, որ տարածքների փոխանակման հնարավորությունը քննարկելու պատրաստակամության փաստն ինքնին նշանակում էր, որ նախկին իշխանությունները նույնպես Արցախը համարել են Ադրբեջանի մաս։
«Դա նման է նրան, որ ես ասեմ՝ իմ ժամացույցը կտամ քեզ, իսկ դու քոնը տուր ինձ։ Եթե ես առաջարկում եմ փոխանակվել, նշանակում է՝ ձեռքիդ ժամացույցը ես համարում եմ քոնը»,- նշել է նա։
Եզրափակելով՝ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը, ըստ նրա, ինքը դրսևորել է՝ չնայած դրա բարդությանը և հանրային արձագանքներին, այդ թվում՝ սահմանամերձ շրջաններում։











