Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքներով ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդառնա ընդդիմություն, իսկ խորհրդարանում կունենա մոտ 30 պատգամավոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա կրկնել է, որ բացառում է իշխանության ձևավորման հարցում այս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունը։
Նրա գնահատմամբ, ընտրություններին մասնակցությունը բարձր է, իսկ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության արդյունքում կարողացել են մարդկանց բերել ընտրատեղամասեր։
«Մենք ոչ մի բանի համար չենք անհանգստանում։ Վստահ եմ, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական։ Կարծում եմ՝ մենք հասել ենք նրան, որ ոչ մի ուժ Ազգային ժողովում բացարձակ իշխանություն չունենա։ Ժողովուրդը քվեարկության արդյունքներով ազդակ կուղարկի՝ կոչ անելով բոլոր ուժերին մի կողմ դնել անձնական ամբիցիաները։
Բոլոր այն անձինք, ովքեր թույլ են տալիս խախտումներ, այդ թվում՝ զբաղվում են ընտրակաշառքով, պետք է պատժվեն, եթե նման դեպքեր բացահայտվեն», — հավելել է Մարուքյանը։











