Պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով հարցաքննվել է վկա, ոստիկանության սպա Միքայել Այվազյանը, որը դեպքի պահին վաշտի հրամանատար է եղել։

Վկայի ցուցմունքից պարզ է դարձել, որ նրա պնդումների զգալի մասը հիմնված է սեփական փորձի, այլ ոչ թե իրեն հայտնի փաստերի վրա։ Այսպես՝ Այվազյանն անձամբ չի լսել ակցիայի մասնակիցներին ուղղված հայտարարությունը, որն իբր հնչեցվել է բարձրախոսով, բայց գիտի, որ այն պետք է հնչեցված լիներ։ Լևոն Քոչարյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ տեսագրության մեջ այդ հայտարարությունը չի լսվում, Այվազյանը չկարողացավ պատասխանել։ «Անձամբ չեմ լսել, բայց համոզված եմ, որ պահանջը բարձր հնչեցվել է»,- պարզաբանել է ոստիկանը։ Նույնաբովանդակ պատասխաններ են հնչել նաև մյուս հստակեցնող հարցերին։ Այվազյանը չի տեսել, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում, բայց համոզված է, որ նման բան չի եղել։ Այն հարցին, թե ինչու են վեց ոստիկանով մեկ քաղաքացու բերման ենթարկում, Այվազյանը նշել է, որ կարելի է և՛ մենակ, և՛ վեց հոգով. ամեն ինչ կախված է բերման ենթարկվողի ֆիզիկական տվյալներից, ենթարկվելու պատրաստակամությունից և ընդհանուր իրավիճակից։ Ամեն դեպքում, ոստիկանության սպան ընդգծել է, որ ոստիկանության աշխատակիցն իրավունք չունի հարվածել քաղաքացիներին։ «Համոզված եմ, որ Հրաչիկ Խաչատրյանը չի հարվածել»,- հավելել է Այվազյանը։

«Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին»,- արձագանքել է Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպն արձանագրած տեսագրություններում հակառակն է երևում՝ ոստիկաններն են ծեծում Քոչարյանին։ Վերոնշյալ Հրաչիկ Խաչատրյանը գործով անցնում է որպես տուժող։ Հետագայում դատախազությունն անուղղակիորեն ընդունել է, որ «կարմիր բերետավորների» ջոկատի ծառայող Հրաչիկ Խաչատրյանը բռնություն է գործադրել Լևոն Քոչարյանի նկատմամբ։