Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում խուզարկությունները ակնհայտ անօրինություն են, մեր ընտանիքը վաղուց է բախվում հետևողական հետապնդման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 7-ին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը։

Նրա գնահատմամբ՝ իրավապահ մարմինների այս գործողությունները կրում են ապօրինի բնույթ և ուղղված են ճնշում գործադրելուն, չնայած նրան, որ իրենք միշտ հեռու են մնացել ներքաղաքական գործընթացներից։ «Պարզապես այս դեպքերը, այն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունենում, ակնհայտ անօրինական և օրենքից դուրս գործողություններ են։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները սա կտեսնեն և կհասկանան։ Սա կարող է վերաբերել ձեզանից յուրաքանչյուրին։ Եթե ինչ-որ մեկին դուր չգա մեկի ապրելակերպը, տեղաշարժը կամ որևէ այլ բան, իմացեք, որ ցանկացած պահի, ցանկացած ժամի սա կարող է հասնել յուրաքանչյուրին»,- ասել է Ծառուկյանը։

Նա հիշեցրել է, որ ուժայինները տարիներ շարունակ խուզարկություններ են իրականացնում և փակում ձեռնարկություններ, սակայն այդպես էլ չեն կարողացել գտնել մեղադրանքների համար որևէ լուրջ հիմք։ Որպես քննչական միջոցառումների անհեթեթության օրինակ՝ նա նշել է Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանանոցում իրավապահների գործողությունները, որտեղ կենդանիներին սկսել էին քնեցնել՝ կենդանաբանական այգի տեղափոխելու համար, թեև այն փաստը, որ կենդանիները գտնվում էին Ծառուկյանի մոտ, երբեք չի թաքցվել։

«Մենք արդեն շատ վաղուց ենք պահում այս կենդանիներին, սա գաղտնիք չէ։ Դուք ինքներդ էլ տեսել եք, թե ինչպես են նրանց խնամում, ինչպես են բադիկներին ձեռքից կերակրում։ Սա այն վայրն է, որտեղ մեր ընտանիքն անցկացնում է ժամանակ, որտեղ կենդանիներ են ծնվում։ Եվ հիմա գալ, կազմակերպել այս շոուն, նրանց քնեցնել և տեղափոխել պետական կենդանաբանական այգի, որտեղ նույնիսկ իրենց կենդանիներին չեն կարողանում նորմալ պահել... թող մարդիկ պարզապես դատապարտեն սա։ Վստահ եմ՝ բոլոր բանական քաղաքացիները կտեսնեն կատարվողը և իրենք ճիշտ եզրակացություններ կանեն»,- նշել է նա։

Ռոզա Ծառուկյանը հատուկ ուշադրություն է դարձրել իր հարազատների նկատմամբ ճնշումներին։ Նա հիշեցրել է, որ հունիսի 10-ից տնային կալանքի տակ է գտնվում իր ամուսինը՝ Կոտայքի մարզի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը։

«Ամեն ինչ կանցնի, ես վստահ եմ, ամեն ինչ կանցնի։ Մենք կկարողանանք դիմանալ և անցնել նաև այս դատական գործի միջով։ Իմ ամուսինն էլ հիմա գտնվում է տնային կալանքի տակ։ Կանցնի, ես վստահ եմ, ամեն ինչ կանցնի։ Բայց կան բաներ՝ թող ժողովուրդը հասկանա, մեր երկրում, մեր պետականության, կրոնի, մշակույթի հետ կարող են տեղի ունենալ անդառնալի փոփոխություններ, որոնք հետո, հնարավոր է, մենք երբեք չկարողանանք վերականգնել»,- եզրափակել է Ռոզա Ծառուկյանը։