Հուլիսի 8-ի երեկոյան ընդամենը 10-15 րոպեի ընթացքում Գորիսի բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է տեղափոխվել գայլերի հարձակման հետևանքով տուժած վեց մարդ։ Տուժածների թվում եղել է նաև երեք տարեկան երեխա։ Առավել ծանր վիճակում է 72-ամյա Սուրեն Ծատրյանը՝ Քարահունջ համայնքի բնակիչը։ Նա շտապօգնությամբ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղից, շուրջ չորս ժամ տևած վիրահատությունից հետո, այսօր տեղափոխվել է Երևան։ 

Գորիսի բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Լևոն Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ տղամարդը ստացել է ծանր վնասվածքներ մարմնի տարբեր հատվածներում, սակայն ամենախոր ու լուրջ վնասվածքը դեմքին է։ 

«Տարբեր տեղերից է կծել, բայց դեմքի մի հատվածը գայլը պոկել է, Վնասվածներ կան և ստորին ծնոտի, և վերին ծնոտի հատվածներում, ոսկորները կոտրվել են»,– ասաց Հարությունյանը։

Տուժածի վրա գայլը հարձակվել է ձորում՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում։ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խոսքով՝ նման դեպք համայնքում վերջին տասնամյակներում չի գրանցվել։

«22 տարի է աշխատում եմ, չեմ տեսել, որ գայլերն այդքան մոտենան բնակավայրին։ Դաշտերում, այգիներում, արոտավայրերում լինում են, բայց որ մտնեն բնակավայր ու քաղաք, առաջին դեպքն է»,– ասել է համայնքի ղեկավարը։

Մյուս հինգ տուժածներից մեկի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։ Միջին ծանրության տուժածի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ դեմքին, վնասվածքներ են եղել, և նրան շուրջ 40 կար է դրվել։

Գայլերի հարձակումները տեղի են ունեցել Քարահունջ–Գորիս հատվածում։ Դեպքերից մեկը գրանցվել է ձորում, մյուսները՝ բնակիչների տների հարևանությամբ։

Երեք տարեկան երեխային, որը բակում խաղալիս է եղել, գայլից փրկել է հարևանությամբ ապրող 20-ամյա երիտասարդը։ Նա նկատել է կենդանուն, միջամտել և հարվածն իր վրա վերցրել։ Երեխան ստացել է թեթև վնասվածքներ, իսկ երիտասարդը՝ կծած վերքեր։ 

Բոլոր տուժածներին կատարվել են անհրաժեշտ բուժական միջոցառումներ՝ հակատետանային և հակակատաղության պատվաստումներ, ինչպես նաև շիճուկային բուժում։ ԲԿ–ի փոխտնօրենի խոսքով՝ տրամադրվել է հետագա պատվաստումների ժամանակացույցը, բուժաշխատողները կապի մեջ են մնում նրանց հետ։

Դեռևս պարզ չէ, մի գայլ է հարձակվել մարդկանց վրա, թե մի քանիսն են։ Տարածքում արդեն վնասազերծվել է մեկ գայլ։

Բնապահպան Սիլվա Ադամյանը NEWS.am–ի հետ զրուցում նշեց, որ վայրի կենդանիների՝ բնակավայրերին մոտենալը կապված է ոչ միայն կենդանիների վարքի, այլև մարդու գործունեության հետևանքների հետ։

«Կենդանիների բնական կենսամիջավայրի կրճատումը և մարդու կողմից այդ տարածքների օգտագործումը ստիպում են վայրի կենդանիներին ավելի հաճախ հայտնվել մարդկանց հարևանությամբ։ Կենդանին, չգտնելով իր բնական կենսամիջավայրը և սնվելու հնարավորությունները, դուրս է գալիս այդ տարածքներից։ Խնդիրը ոչ թե այն է, որ կենդանին հատուկ ագրեսիա ունի մարդու նկատմամբ, այլ բնական պայմանների խարխլման հետևանք է»,– ասաց բնապահպանը։ Նրա խոսքով՝ խնդրի լուծումը գայլերի զանգվածային ոչնչացումը չէ։ Անհրաժեշտ է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ վերականգնել նախկին ծրագրերը, տեղադրել էլեկտրական ցանկապատեր, ուժեղացնել անասնագոմերի պաշտպանությունը և իրականացնել գայլերի թվաքանակի ու տարածման մշտադիտարկում։ 

«Խնդիրը պետք է լուծել ոչ թե միայն հետևանքների դեմ պայքարելով, այլ պատճառները հասկանալով։ Այնքան խորքային է այս հարցը, որ ժամանակին դրա շուրջ աշխատել են նաև միջազգային կազմակերպություններ։ Անհրաժեշտ է շարունակել արդյունավետ ծրագրերը»,– ընդգծեց Սիլվա Ադամյանը։ Մասնագետի գնահատմամբ՝ նման դեպքերը կանխելու համար անհրաժեշտ է համատեղել բնակավայրերի անվտանգության միջոցառումները, վայրի բնության պահպանությունը և գիտական ուսումնասիրությունները։