Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ արված հայտարարությունների առնչությամբ՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր գործիչ Լիպարիտ Դրմեյանը պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել դատարան։
Դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Դրմեյանն ընդգծել է, որ հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը, և օրենքի համաձայն՝ պետք է հերքվեն։
«Շարժվում եմ օրինական ճանապարհով, օդում խոսքեր չեմ կրակում։ Ձեռքերս մաքուր են, խիղճս՝ հանգիստ», — վստահեցրել է Դրմեյանը։ Նա հայտնել է, որ բարոյական վնասի փոխհատուցման պահանջ դեռևս չի ներկայացրել, սակայն օրենքը հնարավորություն է տալիս փոխել պահանջները․ ընթացքում պարզ կլինի։
Դրմեյանը զարմանք է հայտնել իր հասցեին հնչած հայտարարությունների կապակցությամբ՝ վստահեցնելով, որ միշտ գործել է ի շահ Հայաստանի, իսկ տեղի ունեցողը կապել է իր քաղաքական ակտիվության և կուսակցության դիրքորոշման հետ։ Նա հիշեցրել է, որ Վերաքննիչ վարչական դատարանում դեռևս քննվում է ԿԸՀ-ի դեմ հայցը վարույթ ընդունելու հարցը, և չի բացառել Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմելու հնարավորությունը։
Դրմեյանը չի բացառել նաև իր հնարավոր կալանավորումը՝ հավելելով, որ հույսի չնչին նշույլ ունի, թե իրավապահ համակարգում դեռևս պրոֆեսիոնալներ կան։
Անհարմար հարցերին, թե ինչու ինքնակամ հրաժարական չէր տալիս, եթե, ինչպես ինքն է պնդում, համաձայն չէր Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների քայլերին (Դրմեյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի որոշմամբ), ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ գրասենյակի ղեկավարի պաշտոնում ինքն ավելի օգտակար էր, քանի որ հաճախ միայն գրասենյակի աշխատանքի շնորհիվ էր հաջողվում տեղեկություններ ստանալ Բաքվում գտնվող հայ գերիների մասին։
Մեկնաբանելով երեկվա հայտարարությունների առիթը՝ Դրմեյանը նշել է, որ ինքն էլ է հետաքրքրված, թե ինչպես է «ՀԷՑ»-ի արբիտրաժային գործով պետական մարմնի դիմումը «արտահոսել» մամուլում։ «Ինչ վերաբերում է կատարմանը, ապա երկիրը պետք է գործի իր ստանձնած պարտավորությունների համաձայն։ Սակայն լինում են դեպքեր, երբ երկիրը գնահատում է ռիսկերը և չի կատարում դրանք», — նկատել է Դրմեյանը։ Նա վստահեցրել է, որ պետական ապարատում աշխատած 5 տարիների ընթացքում որևէ գույք չի գնել։
Այն հարցին, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ իրավիճակը հոր և քրոջ համար (նրանք երկուսն էլ դատավոր են), Դրմեյանը նշել է, որ եթե շարժվեն ամենաթողության տրամաբանությամբ, ապա չի կարելի բացառել նաև իր ողջ շրջապատի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։
Դրմեյանը հաստատել է «Միասնության թևեր»-ի այն դիրքորոշումը, որ Փաշինյանի հայտարարությունը ուղղակի հրահանգ էր իրավապահներին․ այլ կերպ ինչպե՞ս հասկանալ, որ Սահմանադրական դատարանը չարձագանքեց ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ ներկայացված փաստերին, իսկ այստեղ անմիջապես արձագանքեց։











