Երևանի բնակիչ Արմեն Եղոյանն ընտանիքով՝ կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկը նորածին, կառավարության շենքի մոտ արդեն երկրորդն օրն է՝ նստացույց է սկսել։
NEWS.am–ի հետ զրույցում նա պատմեց, որ պահանջում է կառավարությունից, որ իրեն ընդունեն, լսեն, ինքը բացատրի իր իրավիճակը. «Խաբեբայի կողմից տուժած եմ։ 200 հազար դրամով տուն եմ վարձակալել, հենց երկրորդ օրը տանտերը ասում է, իբր իրեն փող չենք տվել, ոստիկանություն է կանչում, որ մեզ տնից դուրս հանի։ Հիմա էլ այդ իմ վեշերը, տանս վեշերը իրենց տանն է, բայց ես իրեն փող տվել եմ։ Բացի ինձանից հինգ հոգի նորից այդ նույն ընտանիքի կողմից «քցվել» են։ Գալիս տունը վարձով վերցնում են, ինքն էլ պարտադիր դեպոզիտ է ուզում, դեպոզիտը վերցնում է, երկու օրից մի բան սարքում է, ասում է՝ փող չեք տվել, ու հանում է։
Ես դիմել եմ ոստիկանությանը, ոչ մի արդյունք։ Դիմել եմ սոց ծառայություններին, դատախազություն եմ դիմել, բայց անօգուտ։ Այս երկու օրը իմ ընտանիքը փողոցում է հայտնվել, ես ոչ կարող եմ տուն ճարել, էլ բավարար գումար չունեմ, որ տուն վարձեմ։
Երեխաների հետ փողոցում եմ մնացել, ես ոչ բարեկամ ունեմ, ոչ հարազատ։ Ես ոչ մեկից ողորմություն չեմ խնդրում, իմ իրավունքներն եմ պաշտպանում, ինչի պիտի ինձնից, իմ երեխաների բերանից գողանան։
Հարցն այն է, որ ոչ ոստիկանությունը, ոչ որևէ ծառայություն չի ուզում այդ հանցագործի վրա ինչ–որ ձևով ազդեցություն ունենա։ 11–րդ օրն է, որ ես փողոցներում եմ, անլույս, անջուր։
Իմ երեխեքը նորմալ երեխեք են, լավ սովորող, գերազանցիկ է, այսօր պիտի դպրոց գնար, ոչ թե փողոցում լիներ գիշերը։ Հասկացանք, տերովին տերն է տարել, անտերին էլ ոչ մե՞կ։ Այդպես չի կարելի։
Ես այստեղից այստեղ չեմ ուզում գնալ, ուզում եմ անձամբ վարչապետին տեսնեմ, այս իրավիճակը իրեն պատմեմ։ Կառավարությունից ոչ ոք չի ընդունել։ Սոցապը կնոջս ասում է՝ կարող եմ ձեր երեք երեխաներին տեղավորել ժամանակավոր կացարանում, դու ու ամուսինդ մեկ էլ ամենափոքրը գնացեք մինչև ձեր հարցերը լուծենք։ Նախ, իմ երեխեքն առանձ ինձ, առանց իրենց մոր մի ժամ չեն մնա։ Ընտանիքին բաժանելը հարցի լուծո՞ւմ է։
Ես հիմա ի՞նչ անեմ, գնամ հանցագործություն անե՞մ, գնամ էդ խաբեբա կնոջ տունը վառեմ, որ նորմալ լինի՞։ Դրդում են, որ մարդը գնա հանցագործություն անի, ես չեմ ուզում հանցագործություն անեմ»,–ասաց նա։
Արմենը նշեց, որ մեծ երեխան 7 տարեկան է, մեկը՝ 5 տարեկան, մեկը՝ 3 տարեկան, իսկ ամենափոքրը դեռ երկու ամսական էլ չկա։
«Ես Երևանից եմ, քանի որ Գավառում տներն էժան էին, էնտեղ էինք տեղափոխվել։ Հետո երեխաս մի քիչ հիվանդ ծնվեց՝ թոքաբորբով։ Բժիշկները ասեցին, որ իրեն խոնավ կլիմա չի կարելի, դե ստիպված էի տեղափոխվել։ Հիմա եկել եմ Երևան, անտերուդուր մնացել եմ, ոչ մի բան չեմ կարող անեմ։ 200 հազար դրամը քիչ փող չի, երեխայի նպաստն էր։
Ես հիմա մտածում եմ, որ կարելի է փախնել այս երկրից։ Եթե մի երկրում մեկը կարող է 4 երեխաների բերնից փող գողանա ու մարսի, այդ երկրում ապրել չի կարելի։ Ոստիկանները ոչ մի բան չեն անում։ Ոստիկանը գալիս է, փոխանակ ինձ օգնի, ինձ 36 ժամ «խելամիտ» ժամանակ են տալիս տունն ազատելու համար»,– ասաց նա։











